Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ապացուցում է, որ որևէ աղերս չունի Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերների հետ: Այն համարժեք է մեր երկրի առջև ծառացած խնդիրների հետ և այդ անհամարժեքությունը խորացնում է առանց այդ էլ անհանգիստ անվտանգային համակարգը Հայաստանի և Արցախի շուրջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մեր սև հոգսերը, ձեր վարդագույն բաբչկաները: Սա է կարծեք թե այսօրվա կառավարության հիմնական լոզունգը, որով փորձում են աշխատել»,-ասաց Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի բավարարվում այն սահմանադրական շրջանակներով, որոնք տրված են իրեն ՀՀ օրենսդրությամբ. «Նա ուզում է ոչ թե ուժեղ, այլ տոտալ իշխանություն: Պատահական չէ, որ ԱԺ-ն գրավելուց ու վարչապետ դառնալուց հետո նա պարբերաբար գրոհներ է ձեռնարկում, այսպես կոչված դիմադրության օջախների վրա: Այդ շարքի մեջ են դատարանները, ԵՊՀ-ն, Աբովյանը: Նա չի հանդուրժում ու չի հանդուրժելու մի տեղ, որտեղ բացարձակ իշխանություն չունի: Այս վտանգների մասին մենք զգուշացրել ենք ամենասկզբից:
Իշխանությունները փորձում են ձևավորել տոտալ վերահսկողության երկիր, որտեղ միակ բանը, որը ստացվում է վարչապետի մոտ, կառավարության նիստերի ժամանակ ուժայիններին կարգադրություն տալն է՝ որևէ մեկին ցբխելու մասին: Որևէ այլ բան այս կառավարության մոտ չի ստացվում»: