Թյուր կարծիք կա, որ մենք, Ռոբերտ Քոչարյանը, այլ մարդիկ, ովքեր համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ, կրակն ենք ընկել նրա ձեռքը, սակայն, հետևելով նրան, թե ինչպես են կառավարության անդամները փորձում առաքինաբար դուրս գալ Նիկոլ Փաշինյանի անհաջող, անլուրջ, անզուսպ հայտարարությունների տակից՝ օրինակ՝ Արցախի, պետական դավաճանների մասին, կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն են ընկել կառավարության գիտակից անդամները: Այսօր՝ հունիսի 7-ին, լրագորղների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ինձ համար թոփ եռյակը, որ վարչապետի ձեռքը պատանդ են դարձել Դավիթ Տոնոյանը, Զոհրաբ Մնացականյանը և Արթուր Վանեցյանն են: Այս մարդիկ թոփ պատանդ են: Նրանք ամեն անգամ ստիպված են լինում սվաղելու, լղոզելու վարչապետի հերթական, մեղմ ասած, անհաջող հայտարարությունները»,-նշեց Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահի խոսքերով, այսօր Հայաստանի Հանրապետության դիմադրողականությունն իջել է նաև արտաքին աշխարհում․ «Պետք չէ լինել աշխարհաքաղաքական փորձագետ այս դառն իրողությունը փաստելու համար»:
Աշոտյանը նշեց, որ այսօր ՀՀ իշխանությունները փորձում են համոզել, թե Երևանն իր դիրքերը չզիջեց ՀԱՊԿ-ում՝ զարմանք հայտնելով, թե ինչպես կարելի է առհասարակ այս թեմայի մասին խոսել. «Նիկոլ Փաշինյանի պատճառով ՀԱՊԿ-ում ղեկավարությունը Հայաստանինը չէր և մեզ համար բացարձակ էական չէր, թե ումն էր՝ Ռուսաստանին, թե՝ Բելառուսին: Նմանատիպ խնդիրներ առաջացել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Նիկոլ Փաշինյանը չունի ռազմավարություն արցախյան հակամարտության մասով»: