Քաղաքական 

Բախտներս բերել է, որ Արցախի ղեկավարությունն իմաստուն է և չի տրվում Փաշինյանի սադրանքներին․ Աշոտյան

Ընդամենը շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հայեցակարգ չունի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, իսկ օրեր առաջ հայտարարեց, որ Արցախի ղեկավարության հետ կիսվել է իր տեսլականով: Սա բոլորն են հիշում: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հարց առաջացնելով, թե ինչ է կիսել Փաշինյանն Արցախի ղեկավարության հետ, եթե տեսլական չունի:

Աշոտյանի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից՝ Արցախյան հարցում․ «Նա վախենում է պատերազմից և ճիշտ է անում, որովհետև որևէ բանական մարդ պատերազմ չի ուզում, բայց այդ վախերով հանդերձ, նա քայլեր չի ձեռնարկում, որպեսզի ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունը համարժեք լինի մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք»:

Աշոտյանի խոսքերով, հիմա՝ սահմանային լարվածությանը զուգահեռ միայն իշխանությունները սկսեցին հիշել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մասին, այնինչ իրենք մեկ տարի է այդ մասին զգուշացնում են, իսկ այդ մեկ տարվա մեջ իշխանությունները որևէ անգամ չեն հիշատակել դրա մասին՝ խոսելով միայն Դուշանբեի մասին. «Երբ վարչապետը փորձում էր բացատրել սահմանային լարվածությունները, ես չլսեցի, որ նա խոսի Ալիևի հետ իր ուղիղ կապի մասին»:

ՀՀԿ փոխնախագահի խոսքերով, քաղաքական ճեղքը, որն առաջացել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության շնորհիվ, լի է բազմաթիվ վտանգներով՝ Հայաստանի և Արցախի համար. «Բախտներս բերել է, որ Արցախի ղեկավարությունը շատ ավելի իմաստուն է և չի տրվում Փաշինյանի սադրանքներին: Բայց կա տպավորություն, որ ՀՀ վարչապետը չարաշահում է դա և բազմաթիվ այլ պետականասեր մարդկանց համեստությունն ու խոհեմությունը»:

Նույն շարքից