Քաղաքական 

Յուրայիններին յուղելու, իսկ մրցակիցներին հաթաթա տալու քաղաքականությունը չի կարող նպաստել ՀՀ հասարակության հետագա կոնսոլիդացմանը․ Աշոտյան

Այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ ՄԱԿ-ում Վրաստանին վերաբերող վերջին քվեարկությանը, երբ Հայաստանը չմասնակցեց քվեարկությանը: Աշոտյանի խոսքերով, Հայաստանի իշխանությունները սա փորձում են ներկայացնել որպես աննախադեպ քայլ. «Խոսքը Վրաստանի կողմից հեղինակած և ՄԱԿ-ում քվեարկած բանաձևի մասին է, որը վերաբերում է Հարավային Օսիայի և Աբխազիայի կոնֆլիկտների արդյունքում առաջացած բազմաթիվ ներքին տեղահանված մարդկանց: Մեր իշխանությունները համաշխարհային մակարդակի փիառ են ուզում անել, թե տեսեք՝ Հայաստանն ուղերձ է հղում Վրաստանին, որ Երևանն առաջին անգամ չի տրվում Մոսկվայի ճնշումներին և չի քվեարկում վրացական բանաձևի դեմ»:

Աշոտանը նշեց, թե շատ կուզենար, որ ՀՀ իշխանությունները գոնե քաղաքականության մեջ լավ հաշվել իմանային, քանի որ աշխարհաքաղաքական իրողությունները լավ չհաշվելը վտանգավոր է․ «Նա հայտարարեց, որ Վրաստանը մեզ բարեկամ երկիր է, և մեր հարաբերություններն անցյալում երբեք երրորդ կողմից կախված չեն եղել։ Ես վստահ եմ, որ Վրաստանը չի գնահատելու Հայաստանի այս ժեստը, Ռուսաստանը չի հասկանալու այս ժեստն ու Հայաստանը չի շահելու քաղաքական այս նոր դիրքավորման շնորհիվ։ Դժվար թե Հայաստանին հաջողվի այս մեկ քվեարկությամբ Վրաստանին պոկել թուրք-ադրբեջանական տանդեմի ճիրաններից: Չմոռանանք նաև, որ այս խնդիրը կապ չունի միայան Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտի հետ: Այսպես կոչված ներքին տեղահանվածների մասին գրեթե ամեն տարի բանաձևեր փորձում է բրդել նաև Ադրբեջանը՝ ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում և այլն: Հայաստանը նախկինում քվեարկությունները պայմանավորել է ոչ թե ռազմավարական գործընկերոջ, այլ իր սեփական շահերով»:

ՀՀԿ փոխնախագահը հավելեց, որ ներկա իրողությունները կտրուկ իջեցրել են Հայաստանի դիմադրողականությունն արտաքին ագրեսիվ ազդակների հանդեպ․ «Սցենարներ շատ կարող են լինել իրավիճակից դուրս գալու համար, սակայն վերջին զարգացումները՝ բռնության քարոզի մասով կրկնակի ստանդարտները, յուրայիններին յուղելու, իսկ մրցակիցներին հաթաթա տալու անփառունակ քաղաքականությունը չի կարող նպաստել ՀՀ հասարակության հետագա կոնսոլիդացմանը, ինչն արձանագրում եմ ցավով, քանի որ մենք պետություն սիրող ենք ու հասկանում ենք, որ հարկ եղած դեպքում կանգնելու ենք միևնույն դրոշի տակ, անկախ նրանից, թե այդ պահին դրոշն ում ձեռքում կլինի։ Սակայն այս պետականասիրությունը չարաշահել, մեր բարեկրթությունը որակել որպես թուլություն, անհեռանկարային է, պետական գործչին դա հարիր չէ: Նիկոլ Փաշինյանը, երբ պատգմավոր էր, ներքին քաղաքականության մեջ լավ գործիչ էր ու միջին գործիչ՝ խորհրդարանական դիվանագիտության մեջ: Ցավոք, մեկ տարի հետո ոչին չի փոխվել՝ նա շատ լավ մանիպուլացնում է ներքին հոսքերը, իսկ արտաքին քաղաքական խնդիրներով լրջագույնս զբաղվելու համար չունի համապատասպան փորձ: Նա ցավոք այդ հարցում չի լսում այն եզակի պրոոֆեսիոնալներին, ովքեր աշխատում են կառավարությունում»:

Նույն շարքից