Հասարակություն 

Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասաց, որ Ռուսաստանն է մեղավոր ապրիլյան պատերազմի մեջ

Այսօր՝ հունիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, երբ լրագրողները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին հիշեցրեցին Ռոբերտ Քոչարյանի քննադատությունները, որոնք վերաբերում էին ապրիլյան պատերազմին և ուղղված էին Հայաստանի այն ժամանակվա իշխանություններին, ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ ինքն էլ կարող է հիշեցնել Նիկոլ Փաշինյաի խոսքերը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաև հենց ապրիլյանի մասին, երբ Փաշինյանը հայտարարեց, որ այն ԵԱՏՄ Ադրբեջանին մտցնելու մասին է եղել. «Ապրիլյանի վերաբերյալ քննիչ հանձնաժողով, կարծում եմ, կարող է հրավիրել Ռոբերտ Քոչարյանին քննարկմանը: Նրանք պարտավոր են հրավիրել Նիկոլ Փաշինյանին և պարզաբանում ստանալ, թե ինչ է նկատի ունեցել նա, երբ ասում էր, որ Ռուսաստանն է մեղավոր ապրիլյան պատերազմի մեջ»:

Աշոտյանի խոսքերով, նախկինում արված բազմաթիվ հայտարարություններ կարող է հիշեցնել, սակայն ցիտատների կռիվն անշնորհակալ գործ է, քանի որ այն տանում է դեպի անցյալ:

ՀՀԿ ներկայացուցիչը նշեց, որ Քոչարյանը ՀՀԿ-ին շատ ավելի սուր հարցերում է քննադատությունների ենթարկել՝ հավելելով, որ վերջինիս նկատմամբ հարուցված գործը բացառապես քաղաքական է և իր տակ չունի որևէ լուրջ իրավական հիմնավորում:

Վերադառնալով ապրիլյանին՝ Աշոտյանը նշեց, որ այն մերկացրեց բանակում եղած բազմաթիվ խնդիրներ, ինչպես յուրաքանչյուր պատերազմ անում է յուրաքանչյուր երկրի մասով:

Աշոտյանը խոսեց նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարության մասին, որ ապրիլյանի ժամանակ տանկերում վառելիք չի եղել՝ հայտարարելով, որ ստեղծված քննիչ հանձնաժողովը պետք է լսի Կարեն Կարապետյանին:

Աշոտյանը նաև նշեց, որ ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթել է, իսկ քննիչ հանձնաժողովներ ստեղծվում են պարտություններից հետո:

Նույն շարքից