Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը, իմ տեղեկություններով, քաղաքական օրակարգ չի եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի ու Քոչարյանի թիմերի միջև հիմա համագործակցության մասով քաղաքական օրակարգ չկա. «ՀՀԿ-ի սատարումը Քոչարյանին պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով, բայց ոչ այդ պահին ընդհանուր քաղաքական ապագայի տեսլականով: Նման գործընթաց Քոչարյանն անգամ դեռ չի հարուցել, պրոցես, ծրագիր չկա»:
Աշոտյանի խոսքերով, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպման տակ պետք չէ քաղաքական բաներ փնտրել, դրա տակ մարդկային հարաբերություններն են, այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն այցելեց Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ վերջինս վիրահատվել էր. «Այս հանդիպումների տակ քաղաքական բան փնտրել պետք չէ: Կա, այսպես կոչված փողոցային քաղաքականություն, կա արժանապատիվ քաղաքականություն: Երկրորդն այն է, որ մրցակցիդ կշիռը բարձրացնում ես, որովհետև նրան հետո հաղթելու արդյունքում քո արժեքն էլ է բարձրացնում: Այսօրվա Հայաստանի իշխանությունները փորձում են նսեմացնել, ջարդել, փշրել, ծեփել քաղաքական մրցակիցներին»:
ՀՀԿ փոխնախագահի խոսքերով, պետք է ազնվություն ու բարոյականություն լինի ամենուր, իսկ երբ թիրախավորում են տուն, ընտանիք, երեխա, դա անբարոյականություն է. «Երբ վարչապետը փորձում է պայքարել բռնության քարոզի դեմ ու չի պատժել Արփինեի, իմ էջերի տակ վխտող հարյուրավոր օգտատերերին, որոնք բռնության կոչեր են անում, ես չեմ հավատում այդ վարչապետին: Ես տեսել եմ, թե ինչեր են կատարվել ու վարչապետը տեղում չի եղել: Հետևաբար այդ «կոկորդիլոսի արցունքներին», ոչ մեկ չի հավատում»: