Հայաստան 

Երևանը կարիք ունի ոչ այդքան կառուցապատումների, որքան կառուցապատումները «մոլախոտերից» մաքրելու

analitik.am

Քաղաքաշինության նախարարությունը ձեռնարկել է ոչ միայն խստացնել Երևանի կենտրոնում թույլատրվող կառուցապատման չափորոշիչները, այլև մաքրել Երևանը կառուցապատված «մոլախոտերից». այսօր 100 օրյա աշխատանքի ամփոփիչ ասուլիսին ասաց նախարար Նարեկ Սարգսյանը։

Կոնկրետ մայրաքաղաքի զարգացման հարցում, ըստ նրա, նախարարությունը երկու ուղղությամբ կշարժվի. առաջինը՝ տրանսպորտայի հիմնակմախքի հետագա ձևավորում, մասնավորապես՝ Տերյան փողոցի բացումը և երկրորդ՝ Երևանի կենտրոնի մաքրումը, քաղաքի զուտ բարեկարգումը։ «Երևանը կարիք ունի ոչ այդքան կառուցապատումների, որքան կառուցապատումները «մոլախոտերից» մաքրելու»,- ասաց նախարարը և անդրադարձավ Հին Երևանի ծրագրին։

«Երկու ճանապարհ կա, առաջինը՝ ինչպես եղել է Հյուսիսային պողոտայի դեպքում, երբ յուրաքանչյուր նախագծող համաձայնել է իրականցել իր մասով, կամ էլ մեկ ճարտարապետական նախագծով է իրականացվել։ Հիմա բանակցում ենք, կարծում եմ ոչ ուշ, քան սեպտեմբի կեսերին կորոշվի, թե որ ճանապարհով գնալ՝ 5 լոտերի բաժանմա՞ն, թե՞ միասնական նախագծի»,- ասաց նա և ընդգծեց, որ Աֆրիկյանների շենքի տեղափոխումը Հին Երևանի տարածք կլինի ամենաառաջին ծրագրերից մեկը։

ՀՀ քաղաքաշինության նախարարի խոսքով՝ երեք ամիսների ընթացքում մանրամասն ուսումնասիրվել են ոլորտի բոլոր խնդիրները ։ «Ճարտարապետների բարձրացված հիմնական խնդիրները մի քանիսն են, առաջինը՝ մեր բնակավայրերի միջավայրի ճարտարապետական դեմքի պահպանման և միջավայրի խաթարման հարցերն են, նաև ճարտարապետների կարգավիճակն է, նախագծերի կարգավիճակը։ Այս ուղղությամբ մենք ձեռնարկել ենք, մի քանի ծրագրերի մեկնարկ, առաջինը՝ «Ճարտարապետական գործունեության մասին օրենքը» երեք ամիսների ընթացքում վերականգնել ենք, և միության հետ բազմաթիվ աշխատանքներ ենք ունեցել, և, կարծում եմ, այս օրենքը շուտով կներկայացնենք Կառավարությանը։ Օրենքն այն մասին է, որ լիցենզիայի և որակավորման խնդիրը պետությունից պետք է անցնի ճարտարապետներին»,- նշեց նա։

Նախաձեռնել են նաև անցկացնել Ճարտարապետների միջազգային ֆորում, կազմակերպել երիտասարդական ճարտարապետների համահայկական գիտաժողով։ «Յուրաքանչյուր երկու տարին մեկ Հայաստանը կդառնա այն հարթակը, որտեղ աշխարհի հայ ճարտարապետները իրենց աշխատանքները կներկայացնեն, կցուցադրվեն և կհասկանանք, թե ինչ ուղղությամբ ենք գնում, ինչ խնդիրներ են հուզում երիտասարդներին»,- ասաց նա։

Շինարարական ոլորտում, ըստ նախարարի, հիմնական խնդիրը շինարարության որակն է, աշխատանքների գնահատման հետ գնագոյացման հարցերը և շինարարական տենդերների խնդիրը։ «Այս ուղղությամբ ձեռնարկել ենք բոլորովին նոր կառույցի ստեղծումը, որը կոչվել է «Փորձագիտական պետական կենտրոն»։ Խնդիրն այն է, որ շուկայական գնագոյացումը և այն նորմերը, որ կան, իրար չեն համապատասխանում, և դա պետք է կարգավորել»։

Նարեկ Սարգսյանը նշեց, որ կարևորելու են նաև Երևանից դուրս ներդումային զարգացում ապահովելու ծրագրերը։

Նույն շարքից