Այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատասխանելով հարցին, թե որևէ կապ կա արդյո՞ք Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը նրա կուսակցության՝ Հանրապետության հայտարարության հետ, որով քննադատվել էին Նիկոլ Փաշինյանի որոշ որոշումներ, ասաց, որ չի կարող ասել. «Ես չգիտեմ պարոն Զեյնալյանի հրաժարականի դրդապատճառը: Կարծում եմ, որ նրանից պետք է հարցնել»:
Մակունցը հերքեց, որ հունիսի 6-ին խմբակցության ներսում քննարկվել է Զեյնալյանի հարցը:
Նա միևնույն ժամանակ հաստատեց, որ Իմ քայլը խմբակցությունում Արդարադատության նախարարության և Զեյնալյանի հետ կապված մտահոգություններ ու անհանգստություններ հնչել են՝ դատաիրավական համակարգում բարեփոխումների և այլնի մասով:
Մտահոգությունները հնչել են Իմ քայլի նիստերից մեկի ժամանակ: Դրանք հնչել են հատկապես այն լայնածավալ անվստահության ակցիայից հետո, որը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կողմից: Հրաժարականի մասին չի խոսվել: