Հայաստան 

ԱՄՆ դեսպանը այսօր եղել է պաշտպանության նախարարությունում

analitik.am

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը օգոստոսի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ՀՀ պաշտպանության նախարարությունում «ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցության հայտերի ներկայացումը եւ վարչական աջակցությունը» թեմայով աշխատաժողովն անցկացնող ՄԱԿ-ի եւ Կանզասի ազգային գվարդիայի փորձագիտական խմբին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նշված աշխատաժողովն անցկացվում է ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության գործընթացին, խաղաղապահ առաքելության եւ նախատեղակայման ուղեցույցին, պահանջներին  եւ այլն:

ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրին ՀՀ անդամակցությունը հաստատվել է 2013թ.-ին եւ նշված ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայկական կողմին խաղաղապահ կարողությունների զարգացման եւ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությունների ներգրավման գործընթացում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հովանո ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին հայկական կողմի մասնակցության եւ «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա նախագծերը:

Նույն շարքից