Չկա որևէ շարժում դեպի Եվրամիություն, քանի որ Հայաստանը մնում է այնտեղ, որտեղ կա: Դա շատ կարևոր է արձանագրել: Այս մասին Պետերբուրգյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, Հայաստանը համագործակցում է ԵՄ-ի հետ ներքին բարեփոխումների հարցերում. «ԵՄ-ն հետաքրքրված է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավվեն: Ես շփվում եմ եվրոպացի լիդերների հետ, նրանք աջակցում են Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ձգտման մեջ: Դա կարևոր նրբություն է: ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք թափանցիկ ենք ռուս գործընկերների հետ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում թափանցիկ ենք եվրոպացի գործընկերների հետ: Իհարկե կան որոշ նրբություններ, որոնք վերաբերում է անվտանգությանը»:
Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Եվրոպայի առաջնորդները հետաքրքրված են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. «Կարծում եմ, որ այստեղ Եվրոպայի երկու առաջնորդների ներկայությունը շատ բան է ասում: Աշխարհաքաղաքական խաղերը որևէ մեկին օգուտ չեն բերում, հատկապես այն երկրներին, որոնք դաշտ են դառնում այդ խաղերի համար: Դրա համար Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ մենք չենք պատրաստվում մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ, պատրաստվում ենք նորմալ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ»:
Փաշինյանը հիշեցրեց, որ վերջերս այցելել է Չինաստան. «Ես ուրախ եմ, որ Չինասանի հետ մենք լավ դինամիկա ունենք: Կարծում եմ, որ և՛ Չինաստանը, և՛ ԵՄ-ն, և՛ Ռուսաստանը հետաքրքրված են գլոբալ կայունությամբ: Մեզ համար գլխավոր հետաքրքրությունը գլոբալ կայունությունն ու անվտանգությունն է: Մենք՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, հասկանում ենք մեր դերը, իհարկե կաջակցենք, որ մեր գործընկերների միջև հարաբերությունները բարելավվեն: Մեր գործիքակազմը մեծ չէ, սակայն մենք մեր ներդրումը կունենանք գլոբալ անվտանգության և կայունության համար»:
Ճշտող հարցին՝ կարելի է՝ արդյո՞ք արձանագրել, որ Հայաստանն իր ընտրությունն արել է ԵԱՏՄ-ի օգտին, Փաշինյանը նշեց, որ Երևանը ԵԱՏՄ անդամ է. «Սա տնտեսական միակ ինտեգրացիոն պրոցեսն է, որին մենք մասնակցում ենք ու մենք կշարունակենք մեր մասնակցությունը՝ զարգացնելով մեր հարաբերությունները այդ ինտեգրացիոն գործընթացում: Սակայն դա չի նշանակում, որ մենք հարաբերությունները չենք զարգացնի Չինաստանի հետ: Մենք նաև մեր կողմից կաջակցենք Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների զարգացմանը: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, այստեղ մենք համագործակցում ենք օրինակ դատական բարեփոխումների հարցում: Մեզ համար կարևոր է ունենալ դատական համակարգ, որը համապատասխան կլինի եվրոպական ստանդարներին: Դա նշանակում է ունենալ իրական անկախ դատական համակարգ, որը կոռուպացված չէ և անկախ է քաղաքական ազդեցությունից»:
Փաշինյանը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին պայմանագիր է ստորագրել Իրանի հետ՝ վստահություն հայտնելով, որ այս հարցում ևս Հայաստանը կունենա իր ներդրումը: