Հայաստան 

Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիա կատարելիք այցին չպետք է շատ լուրջ նշանակություն տալ. թուրքագետ

analitik.am

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է կարողանա օգտագործել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու հանգամանքը և արարողակարգից դուրս հանդիպումներում Հայաստանին հուզող հարցեր բարձրացնի: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

 

Հարցին՝ արդյոք ճիշտ էր, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանը Էրդողանի երդմնակալությանը ներկա գտնվեր արտգործնախարարի մակարդակով, թուրքագետը պատասխանեց, որ այլ երկրների նախագահների և վարչապետերի ներկայության ֆոնին դա այնքան էլ բարձր մակարդակ չի դիտվում: «Միաժամանակ, կարծում եմ, այս այցին չպետք է շատ լուրջ նշանակություն տալ: Սա ընդամենը դիվանագիտական ժեստ է, և Թուրքիա կատարած այցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը պետք է կարողանա բարձրաձայնել Հայաստանի հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականության, Ցեղասպանության ժխտողականության, հայկական հուշարձանների պահպանության, ազգային փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի և մեզ հուզող մի շարք այլ հարցեր»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նույն շարքից