Հայաստան 

Անհրաժեշտ է զինել և վարժեցնել ամբողջ ժողովրդին. Նախախորհրդարան

analitik.am

Անհրաժեշտ է զինել եւ վարժեցնել ամբողջ ժողովրդին, արմատավորելով զենքի մշակույթ եւ ապահովելով ծառայության համար պիտանի ՀՀ քաղաքացի բոլոր տղամարդկանց ու կանանց պարտադիր եւ սփյուռքահայերի կամավոր մասնակցությունը Հայրենիքի պաշտպանության գործին: Այս մասին հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանը»

Հայտարարությունում ասվում է.

«Աշխարհը թեւակոխել է բազմաբեւեռացման եւ անկայունացման փուլ: Իրադարձությունների զարգացման ընթացքը հուշում է, որ հերթական կայունացման փուլը հեռու է:

Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը, որի մաս է կազմում նաեւ մեր երկիրը, վերածվել է մեծ ու փոքր շահերի արյունալի բախման հանգույցի: Մեր աչքի առաջ տեղի են ունենում այսպես կոչված «հիբրիդային» պատերազմներ, որոնք ուղեկցվում են հոգեւոր-մշակութային արժեքների ոչնչացմամբ, մարդկայնության դեմ հանցագործություններով, ցեղասպանություններով եւ ձգտում են սահմանային վերաձեւումների:

Նման իրավիճակում իրենց շահերը հետապնդող մեծ տերությունները, որպես կանոն, կամ ձեռնպահ են մնում միջազգային իրավունքին համապատասխան միջամտելուց, կամ էլ միջամտում են ուշացած ու ոչ անհրաժեշտ չափով: Ակնհայտ է դառնում նաեւ, որ չեն կատարվում միջազգային պայմանագրերով սահմանված երաշխիքները:

Մենք նույնպես կանգնած ենք «հիբրիդային», չի բացառվում նաեւ՝ բազմաճակատ,  պատերազմի հավանական մարտահրավերին դեմ հանդիման:

Մինչդեռ մեր պաշտպանական համակարգը որակական եւ քանակական առումներով անհամեմատ թույլ է նշված մարտահրավերին դիմագրավելու համար:

Ռազմավարական-տարածքային խորության բացակայության եւ մարդկային ու այլ ռեսուրսների սակավության պայմաններում գոյատեւելու եւ նշված մարտահրավերը հաղթահարելու միակ երաշխիքը համազգային պաշտպանական ներուժի մոբիլիզացումը եւ դրա արդյունավետ կիրառման ապահովումն է կամ, ինչպես ընդունված է ասել՝ «Ազգ-բանակ»-ի վերածվելը:

Այդ նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է զինել եւ վարժեցնել ամբողջ ժողովրդին՝ արմատավորելով զենքի մշակույթ եւ ապահովելով ծառայության համար պիտանի ՀՀ քաղաքացի բոլոր տղամարդկանց ու կանանց պարտադիր եւ սփյուռքահայերի կամավոր մասնակցությունը Հայրենիքի պաշտպանության գործին: 

Հասկանալի է, որ ներկայիս խամաճիկային ռեժիմի կառավարման օրոք իրատեսական չէ այսպիսի արմատական խնդրի լուծումը: Ուստի դրան օր առաջ պետք է նախորդի ռեժիմի հեռացումը եւ ազգային շահերով առաջնորդվող քաղաքական ղեկավարության ձեւավորումը:

Տարածաշրջանային զարգացումների ներկայիս սպառնալի տեմպերի ու ծավալների պայմաններում մտահոգ ուժերի եւ անհատների կողմից դեպքերի ընթացքին հանձնվելը, այդ թվում՝ հերթական կամ արտահերթ «ընտրություններին» սպասելը, ժամանակի վտանգավոր կորուստ է:

Նախախորհրդարանը վստահ է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին մեր ֆիզիկական գոյությանն սպառնացող մարտահրավերը կարող է արթնացնել ազգի ինքնապաշտպանական բնազդը, ուստի Հայրենիքի առջեւ իրենց պատասխանատվությունը գիտակցող բոլոր ուժերին եւ անձանց կոչ է անում միավորվել հանուն «Ազգ-բանակ» գաղափարի իրագործման, այն դարձնել թիվ մեկ հասարակական պահանջ, դրա շուրջ համախմբել ժողովրդին եւ ռեժիմի հեռացումից հետո ձեռնամուխ լինել հզոր եւ մրցունակ ազգային պետության ու բանակի կառուցման գործին:

Նույն շարքից