Պետերբուրգյան տնտեսական ֆորումին մասնակցելու համար Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Ադրբեջանցի լրագրողի հարցին վարչապետ Փաշինյանի պատասխանը հիացրել է սոցկայքի օգտատերերին: Այն դրական են գնահատում նույնիսկ նրանք, ովքեր քննադատում են Փաշինյանի շատ քայլեր:
Մասնավորապես խոսքը վերաբերում է ադրբեջանցի լրագրողի հարցին, թե երբ են հայկական ուժերը լքելու Արցախը, որը, ադրբեջանցի լրագրողի խոսքերով, օկուպացվել է հայկական ուժերի կողմից:
Փաշինյանի խոսքերով, Ադրբեջանում շատ են խոսում այն մասին, թե Լեռնային Ղարաբաղն օկուպացված է. «Ինչպե՞ս կարելի է օկուպացնել մի տարածք մարդկանց կողմից ովքեր այնտեղ ծնվել են, մարդկանց կողմից, որոնց պապերը, պապերի պապերն այնտեղ ծնվել ու ապրել են: Ինչպե՞ս կարող են մարդիկ օկուպացնել մի տարածք, որտեղ սերնդեսերունդ ապրել են: Ինչպե՞ս կարելի է դա ընդհանրապես պատկերացնել»:
Վարչապետը նշել է, որ հակամարտության սկսվելուց հետո Հայաստանը հայտարարել է, որ երաշխավորում է Արցախի անվտանգությունը, որովհետև, դժբախտաբար, եթե այդ անվտանգության երաշխիքը չլիներ, այլ երաշխիք չէր տրվի Արցախի քաղաքացիներին: