Հասարակություն գլխավոր 

Երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցում է Մտքերի հայկական գագաթնաժողովի բացման արարողությանը:

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Երևանից Դիլիջան մեկնելու ճանապարհին տեսել է տարբեր խանութներ, ռեստորաններ, փոքր ու միջին բիզնեսի օբյեկտներ, որոնցից ոմանք հաջողակ են, ոմանք՝ ոչ, ոմանց գործերն այդքան էլ լավ չեն, ոմանց գործերն ակնհայտորեն լավ են, ինչը երևում է առաջին հայացքից:

Փաշինյանի կարծիքով, հաջողական են այն բիզնեսները, որոնց մեջ մտքի ներդրումն առավել մեծ չափաբաժին ունի. «Ինչպես սիրում են ասել տնտեսագետները, այլ հավասար պայմաններում հաջողակ են այն գործարարները, ձեռնարկությունները, որոնց մեջ ներդրված մտքի չափաբաժինն առանձնահատուկ է»:

ՀՀ վարչապետի խոսքերով, 21-րդ դարը մտքի, մտքի հաղթանակի ու մտքի զարգացման դար է. «Սա է պատճառը, որ մենք հավատում ենք՝ 21-րդ դարը նաև Հայաստանի, Հայաստանի քաղաքացու, հայ ժողովրդի դարն է: Սա մի դար է, երբ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը: Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք: Այժմ եկել է մտքի դարը, և կասկած չկա, որ մենք ունենք միտք: Մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ, պայմաններ ստեղծենք դրա համար: Մեր խնդիրն է  Հայաստանը դարձնել դրախտավայր տաղանդավոր մարդկանց, մտքի համար: Մեր խնդիրն է ստեղծել մի միջավայր, որտեղ մարդու տաղանդն աճի, զարգանա, ստեղծի ինտելեկտ, արհեստական ինտելեկտ և այն ծառայեցնի մարդկային մտքին, մարդկային, հոգևոր, բարոյական արժեքներին, համընդհանուր կայունությանը, խաղաղությանն ու բարեկեցությանը»:

Նույն շարքից