Երբ Աստված որոշեց, որ փոփոխությունների ժամանակն է, ջրհեղեղ երկնեց, ինչից հետո ընտրեց Նոյին, ում վստահեց ընտրելու մի քանի վստահելի մարդ ու վերցնել կենդանատեսակներ: Դրանից հետո Նոյը կառուցեց տապանը, որը հանգրվանեց Արարատի գագաթին՝ խորհրդանշելով նոր սկիզբ: Այս մասին Դիլիջանում Մտքերի հայկական գագաթնաժողովի բացման արարողությանը հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. «Երբ ես նայում եմ աշխարհին, չեմ ուզում ասել, որ նույն առասպելական ողբերգությունն է վրա հասել, բայց ես տեսնում եմ ջրհեղեղի նախանշաններ շատ տեղերում՝ նաև բնության մեջ: Մենք վատ ենք վարվում մեր բնության հետ: Իսկ եթե նայենք աշխարհաքաղաքական իրավիճակին, ամենուր անորոշություն կտեսնենք: Աշխարհը նաև հեղեղված է նոր գաղափարներով, կամ հին գաղափարներով, որոնք նորից են երևան եկել, գաղափարներով, որոնք հին գաղափարներից են ձևավորվել: Պոպուլիզմը, կեղծ լուրերը մեծ տարածում են գտել, տարածված է նաև թյուրըմբռնումը: Մենք ավելի ու ավելի շատ ենք կորցնում վստահությունը երկխոսության նկատմամբ»:
Նախագահ Սարգսյանի խոսքերով, վերոնշյալ տեսանկյունից մեկնարկած գաթնաժողովը մի տապան է. «Սա Նոյի տապանը չէ, բայց հայկական տապանն է, որտեղ 200-300 հոգի հավաքվում են ու սկսում են քննարկել, թե ինչպես կարելի է փրկել աշխարհը: Շատ ուրախ եմ, որ այս տապանը հանգրվանել է Հայաստանում: Շատ կարևոր է, որ մենք Հայաստանում սկսենք լսել աշխարհի ասածը՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում այսօրվա աշխարհում, ինչ անել, ինչպես անել այն, ինչը պետք է անել: Սրանք գլոբալ հարցեր են, սակայն կիրառելի են նաև Հայաստանում: Ո՞ւր ենք մենք գնում որպես ազգ, ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս դա անենք: Մեզ համար շատ կարևոր է սեփական ուղին, պլանը մշակելը: Սա Հայաստանի համար կարևոր է նաև նրա համար, որ բանականության գագաթնաժողովի շնորհիվ աշխարհը մեզ ավելի շատ կիմանա, մենք էլ ավելի շատ բան կիմանանք աշխարհի մասին»:
Նախագահը հայտնեց, որ այս տարի Հայաստանում խոշոր միջոցառումներ են տեղի ունենալու: Հայաստանն ընդունելու է միջազգային տեղեկատվական ոլորտի մասնագետների խոշոր կոնֆերանսը և այլն:
Սարգսյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր հիմնել են գագաթնաժողովը, որը միշտ անց է կացվել Ֆրանսիայում, իսկ այս տարի առաջին անգամ անց է կացվում Հայաստանում: Նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, ԿԲ-ին, իր աշխատակազմին, հովանավորներին:
Սարգսյանն իր խոսքի վերջում ասաց, որ նիստի վերջում հատուկ հայտարարություն ունի անելու: