Հայաստան 

Ցեղասպանության ճանաչումը նաեւ թուրք ժողովրդի խնդիրն է. կանադացի պատգամավորներ

analitik.am

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ոչ միայն Թուրքիայի իշխանությունների խնդիրն է, այլեւ թուրք ժողովրդի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել են Կանադացի պատգամավորները:

Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին պատգամավորներ Բրեդ Բաթը, Լեոն Բենուան, Ռաս Հյուբերտը եւ ՙՄեկ ազատ աշխարհ՚ ՀԿ-ի նախագահ Մաջիդ էլ Շաֆին, ՀԿ անդամներ Սամուել Պլետտը եւ Հանի Պողոսյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, կարեւորեց Հայաստանի եւ Կանադայի միջեւ քաղաքական երկխոսությունը եւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու երկրներն ունեն համագործակցության բարի ավանդույթներ, եւ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջխորհրդարանական կապերի խորացմանը:

Գալուստ Սահակյանը միջխորհրդարանական կապերի  զարգացման գործում  կարեւորեց բարեկամական խմբերի աշխատանքը եւ նշեց, որ ՀՀ Ազգային ժողովում կա Հայաստան-Կանադա բարեկամության պատգամավորական խումբ:

Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց հայ եւ կանադացի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում եւ այլ հեղինակավոր միջազգային կառույցներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ բարձր է գնահատում Կանադայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

Պարոն Սահակյանը նշեց, որ 2015 թ.-ին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, եւ անդրադառնալով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը՝ բարձր գնահատեց Կանադայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին հրավիրեց մասնակցելու 2015 թ.-ի ապրիլին Երեւանում կազմակերպվելիք «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով միջազգային համաժողովին:

Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար եւ նշեցին, որ առավոտյան այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ ծանոթանալով թանգարանի ցուցանմուշներին՝ լիովին զգացել են հայ ժողովրդի ցավը: Նրանք սիրով ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահի՝ միջազգային համաժողովին մասնակցելու հրավերը:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Նույն շարքից