Գլխավոր Տնտեսություն 

Մենք ունենք ևս մեկ բացառիկ իրադարձություն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մեկ տարի առաջ Հայաստանում քաղաքական դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել, տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխություն, Հայատսանում հեղափոխությունը հաղթել է առանց բռնության: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին,  Հայ-իտալական բիզնես-համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի Հայաստանում ենք մենք հիմա ապրում:

Փաշինյանի խոսքերով, վերոնշյալում երկրորդական դեր չի ունեցել փաստը, որ որևէ արտաքին ուժ ներգրավված չի եղել Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծմանը. «Ըստ էության, մեր հանրության շրջանում հաջողվել է ձևավորել կոնսենսուս, որ ՀՀ-ն պետք է լինի ժողովրդավարական, օրենքի գերակայության երկիր, որտեղ մարդիկ կարող են զարգացնել իրենց տաղանդը ու այդ տաղանդով բարձրացնել երկիրը, հայրենքը, ՀՀ տնտեսությունը: Նախորդ տարվա ընթացքում մենք կարողացել ենք Հայաստանում քաղաքական առումով արմատախիլ անել կոռուպցիան, համակարգային կոռուպցիան, վերացնել քաղաքական առումով մենաշնորհները»:

Փաշինյանը նշեց, որ այն ընկերությունները, որոնք երկար տարիների ընթացքում ցանց, փորձ կապիտալ են կուտակել, այլևս չունեն այն արտոնությունները, որ ունեցել են նախկինում. «Սակայն ուզում եմ ընդգծել, որ այդ ընկերությունները չեն դադարեցրել իրենց գործունեությունը Հայաստանում: Մենք ունենք ևս մեկ բացառիկ իրադարձություն՝ չունենք սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք: ՀՀ-ում երաշխավորված է սեփականության իրավունքը»:

Վարչապետը կարևորեց, որ Հայաստանում տեղի ունեցած հսկայական քաղաքական փոփոխություններին զուգահեռ տնտեսական ցնցումներ տեղի չունեցան, ֆինանսական շուկան մնաց կայուն, Հայաստանը հեղափոխությունից անմիջապես հետո գտնվում է տնտեսական աճի փուլում. «Սա աննախադեպ իրավիճակ է համաշխարհային պատմության մեջ, երբ հեղափոխությունից, քաղաքային այսպիսի մասշտաբային փոփոխություններից հետո տնտեսական ճնշումների մեջ չի ընկնում, ռեցեսիոն փուլում չի հայտնվում: Սա նշանակում է, որ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու բավական յուրօրնակ և հետաքրքիր պայմաններ կան: Մեր մարտավարությունը հետևյալն է՝ քաղաքական հեղափոխությունը տրանսֆորմացնել տնտեսական հեղափոխության, որ տնտեսությունը թռիչքային զարգացում ունենա: Մենք գերակայություն ենք համարել երեք ճյուղ՝ տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, գյուղատնտեսությունը, որը պետք է կարողանա, նաև հենվելով նոր տեխնոլոգիաների վրա, բարձրացնել արդյունավետությունը: Մենք պատրաստվում ենք Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար»:

Փաշինյանը կարևորեց նաև դատաիրավական բարեփոխումների հարցը:

Վարչապետը իտալացի գործարարներին հրավիրեց մասնակցելու Հայաստանի տնտեսական թռիչքին, հարստանալ ու հարստացնել Հայաստանը:

Իտալական կողմն իր հերթին հայտնեց, որ պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում տնտեսական թռիչքի գործում և օգտվել դրախտից, որը ստեղծվելու է Հայաստանում:

Նույն շարքից