Այսօր՝ հունիսի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, պատասխանելով հարցին, թե ինչու նախագահ Սարգսյանը որոշեց ՍԴ անդամի համար առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը, նշեց, որ տարածված հայտարարության մեջ ամեն ինչ ասված է:
Տարասյանի խոսքերով, տեքստում հստակ նշված է, որ Հայաստանում չկան շատ անհատ իրավաբաններ, որոնք, ըստ ՀՀ նախագահի, կարող են հավակնել այդ պաշտոնին: Հետևաբար եղած շրջանակից ներկայացվել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ գնահատվել են մասնագիտական որակները. «Նախագահն առաջնորդվում է միայն համազգային ու համապետական շահերով»:
Ինչ վերաբերում է նախագահի հայտարարության այն հատվածին, որը վերաբերում է ՍԴ անդամի թեկնածուի նշանակման կարգում փոփոխություններին և հարցին՝ արդյո՞ք նախագահն ուզում է հասնել նրան, որ ՍԴ անդամ նշանակի առանց ԱԺ-ի, աշխատակազմի ղեկավարը նշեց՝ երբ համապատասխան քննարկումները սկսվեն, այդ մասին կհայտնվի:
Տարասյանը չմեկնաբանեց՝ արդյո՞ք քաղաքական ենթատեքստ տեսնում են ԱԺ-ի որոշումների մեջ՝ կապված նախկին թեկնածուներին մերժելու հետ: