Հաղթել է աբովյանցին, այլ բան չունեմ ասելու: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրությունների և մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության մասին, թե այս ընտրություններն արժանապատիվ քաղաքացու պարտությունն էին:
Հարցին, թե ինչու ԲՀԿ-ն այդուհանդերձ թեկնածու չառաջադրեց, եթե այսպես թե այնպես աջակցելու էր Վահագն Գևորգյանին, Ծառուկյանը նշեց, որ ինքը քարոզարշավին չի մասնակցել. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե ես մասնակցեի քարոզարշավին»,-ասաց Ծառուկյանը՝ վստահեցնելով, որ այդ դեպքում ավելի շատ ձայնով Գևորգյանը կհաղթեր:
Ինչ վերաբերում է մարզպետ Պետրոսյանի հայտարարությանը, թե հեղափոխությունն Աբովյան չհասավ, Ծառուկյանը հայտարարեց՝ վարչապետն էլ ասել է, որ հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին:
ԲՀԿ առաջնորդը խոսեց նաև տեսակետի մասին, որ Ռոմանոս Պետրոսյանը պետք է հրաժարական տա, քանի որ նա այլ բան է ասում, վարչապետը՝ այլ բան: Ծառուկյանը նշեց, որ դա պետք է որոշեն նրա թիմում: