Հասարակություն 

4 վարկած՝ Աբովյանում թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան ու տունն այրելու վերաբերյալ

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի շտաբերից մեկի պետի ավտոմեքենան և բնակարանն այրելու գործով հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել է 20 վկա, որպես կասկածյալ որևէ մեկը չի ներգրավվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Քննչական կոմիտեի պետ Հայկ Գրիգորյանը:

Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ տեղի ունեցածը սարքած գործ է՝ կոչ անելով իրավապահներին արագ բացահայտել տեղի ունեցածը, ինչից հետո բոլորին ամեն ինչ պարզ կլինի:

Հարցին, թե քննվում է արդյո՞ք ինքնահրկիզման տարբերակը և այն, որ հնարավոր է նույն շրջանակի մարդիկ դա արած լինեն, ոչ թե հակառակ թևի, ՔԿ պետն ասաց, որ բոլոր քրեական գործերով տարբեր վարկածներ են առաջ քաշվում ու միաժամանակ ստուգվում:

Ինչ վերաբերում է իր մասնագիտական հոտառությանը, Գրիգորյանն ասաց, որ այստեղ հոտառության խնդիր չկա, կան առաջ քաշված վարկածներ, որոնք 4-ն են. «Բոլոր հնարավոր վարկածները պետք է քննիչն առաջ քաշի, ստուգի, հաստատի կամ հերքի»,-ասաց ՔԿ պետը՝ հրաժարվելով ասել 4 վարկածները:

Այս պահին որևէ վարկած չի հերքվել կամ հաստատվել:

 

Նույն շարքից