Քաղաքական 

Եթե Նիկոլ Փաշինյանը շատ է վախեցել, ես կարող եմ նրան լավ վախ բռնողի մոտ ուղարկել. Մալյան

Ես չգիտեմ, թե ինչից է վախեցել Նիկոլ Փաշինյանը, եթե շատ է վախեցել, ես կարող եմ նրան լավ վախ բռնողի մոտ ուղարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ Արթուր Դանիելյանի խոսքերում ինքը բռնության քարոզ չի տեսել:

Նշենք, որ վարչապետ Փաշինյանի հասցեին հնչեցրած խոսքերից հետո բերման ենթարկված Արթուր Դանիելյանն արդեն ազատ է արձակվել:

Մալյանի խոսքերով, էական չէ, թե ինչու են ձերբակալում Դանիելյանին. «Շատ հնարավոր էր, որ նրան ձերբակալեին ուրանի հարստացման հոդվածով: Դա համապատասխանում է ժանրի կանոններին: Այստեղ էականն այն է, որ Արթուր Դանիելյանին ձերբակալել են: Նպատակն է այդ ճնշումների միջոցով լռեցնեն նրան, ինչը չի հաջողվելու: Ես դա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ: Արթուր Դանիելյանը մենակ չի: Նիկոլ Փաշինյանին ճիշտը չեն զեկուցում, նա այլևս չունի հանրային աջակցություն: Նա չի վայելում հանրության աջակցությունը: Այդ աջակցությունը վայելում են տարբեր խմբեր, մարդիկ, այդ թվում նաև Արթուր Դանիելյանը»:

Նույն շարքից