Հայաստան 

Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլեւս անշրջելի իրականություն է. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության տոնի ատթիվ:


Ուղերձում ասվում է.


«Սիրելի՛ արցախցիներ,


Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլեւս անշրջելի իրականություն է: Ողջ հայության աջակցությամբ, եւ առաջին հերթին ձեր անկոտրում կամքի, ձեր գերմարդկային ջանքերի ու ճիգերի շնորհիվ, ինչպես նաեւ մեծագույն զոհողությունների գնով դուք ստեղծեցիք եւ կայացրիք պետականություն:


Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր հպարտորեն կարող է կանգնել աշխարհի բոլոր այն երկրների շարքում, որոնք շահեկանորեն տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ, հզոր բանակով եւ պետական կուռ կառույցներով: Ժողովրդավարության խորացումը, մշակութային ու կրթական վերելքը, ինչպես նաեւ տնտեսական աճի տեմպերը ԼՂՀ-ում տպավորում են ոչ միայն մեզ: Արցախը եւ՛ իրեն, եւ՛ աշխարհին արդեն ապացուցել է, որ կայացած եւ ծաղկուն պետություն լինելու համար ունի հզոր քաղաքակրթական պաշար:


Մեզ պարտադրված պատերազմը եւ սահմանների երկայնքով իրականացվող պարբերական սադրանքները ոչինչ են այն հզոր ոգու համեմատությամբ, որ առաջնորդում է արցախցուն եւ ողջ հայությանը:


Այդ ոգին առաջնորդեց մեր հերոսներին դեպի ազատամարտ եւ այդ ոգին է մեզ այսօր առաջնորդում դեպի արարում:


Սիրելի՛ հայրենակիցներ,


Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղ երկինք եւ առաջընթաց»:

Նույն շարքից