Սեպտեմբերի 3-ին նշվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի միացյալ քարտեզի օրը: Հայաստանում շատերը տեղյակ չեն իրենց հայրենիքի ճիշտ սահմանների մասին: Շատերի հիշողության մեջ դեռևս պահպանվում են ԽՍՀՄ փլուզման հետ պատմության գիրկն անցած Հայկական ԽՍՀ՝ «բարակ վզով օրիորդի» և ԼՂԻՄ ուրվագծերը:
Քարտեզի գործառույթային նշանակությունը չափազանց մեծ է. այն օգնում է ոչ միայն արձանագրել պետությունների սահմանները, այլև տվյալ պետության վերաբերյալ տեսական հստակ պատկերացում է առաջացնում:
Նա, ով ցանկանում է ազգայինը պահպանել, լավ իմանալ սեփական երկրի տարածքներն ու սահմանները, ապա պետք է քաջատեղյակ լինի սեփական պետության քարտեզից: Ժամանակները փոխվում են, փոխվում են նաև պետությունների միջև առկա սահմանազատումները:
Այս օրը մարդիկ միմյանց քարտեզներ են նվիրում, շնորհավորում քարտեզի օրվա առթիվ: Ըստ որում՝ Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի անկախության օրը: Սեպտեմբերի 2-ին մեկնարկած հայրենասիրական ոգով տոգորված միջոցառումներն ու արարողությունները առանձնահատուկ են դարձնում և լրացնում նաև սեպտեմբերի 3-ի խորհուրդը: