Հասարակություն 

Մենք կատարում ենք Փաշինյանի կոչը, հրամանը. ՎԵՏՕ-ն կրկին Սորոսի գրասենյակի մոտ

analitik.am

ՎԵՏՕ քաղաքական շարժումն այսօր՝ հունիսի 11-ին, կրկին բողոքի ակցիա է իրականացնում Սորոսի գրասենյակի մոտ: Այսօր, ի տարբերություն նախորդ օրերի, ոստիկանները թույլ են տվել ակցիայի մասնակիցներին մոտենալ գրասենյակին, որն այսօր չի աշխատում:

Լրագրողների հետ զրույցում «ՎԵՏՕ» քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը հայտնեց, որ նախաձեռնության օրակարգի շուրջ, այն է՝ օտարերկրյա գործակալական ցանցի մասին օրենքի ընդունում Հայաստանում, օտարերկրյա գործակալների նկատմամբ պետական պաշտոն զբաղեցնելու արգելանք, Սորոսի գրասենյակի արգելափակում, այսօր արդեն ունեն «ԼՀԿ» խմբակցության դիրքորոշումը, «Իմ քայլը» դաշինքի պատասխանը և «ՀՀԿ»-ի դիրքորոշումը, սպասվում է «ԲՀԿ»-ի դիրքորոշումը, որը մոտ օրերս կլինի:

Մալյանը նշեց, որ առաջիկա ժամերի ընթացքում պատասխանները կհրապարակվեն «ՎԵՏՕ»-ի էջում. «Մենք դա կանենք առանց մեկնաբանությունների, քանի որ մեր միսիան է ցույց տալ, թե Հայաստանում որ քաղաքական ուժերն են հանդիսանում Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցի քաղաքական հենարանը, որոնք են այն ուժերը, որոնք այդ ցանցի նկատմամբ քաղաքական հովանավորչությամբ են զբաղված»:

Մալյանը նշեց նաև, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Սորոսի գրասենյակը ոչ միայն այսօր, այլ նաև մյուս օրերին չաշխատեն. «Մեր վարչապետն Իրանում հայտարարեց օտարերկրյա գործակալների դեմ պայքարելու մասին: Մենք էլ այդ հրամանը, կոչն իրականացնում ենք հիմա: Մենք դեռ չգիտենք, թե ում է նկատի ունեցել վարչապետը, սակայն բոլորս գիտենք, թե որ կառույցն է գրանտներ տրամադրում պետականաքանդ գործունեության համար: Ի դեպ, ԱՄՆ-ում այսօր լուրջ քննարկումներ են ընթանում Սորոսի հիմնադրամի պետականաքանդ գտործունեության  վերաբերյալ»:

Նույն շարքից