Սեպտեմբերի 19-20-ին Երեւանում տեղի կունենա Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստին հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ համաժողովին կմասնակցեն համահայկական կառույցների ներկայացուցիչներ, մշակութային եւ կրթական ոլորտի գործիչներ, ինչպես նաեւ գործարարներ ու հոգեւորականության ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, 60 երկրներից մոտ 700 մարդ կմասնակցի այս համաժողովին: Ֆորումին կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձինք:
Համաժողովին կքննարկվեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նախատեսվող միջոցառումները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերի զարգացումը: