Հայաստան 

Հայաստանը կփորձի փոխել հակաղարաբաղյան բանաձեւը. Քաղաքագետ

Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախագահի մակարդակով Հայաստանի մասնակցությունը կապված է երկու հարցերի հետ. ՆԱՏՕ-ն Աֆղանստանից դուրս է բերում իր զորքերը, իսկ Հայաստանն այնտեղ ունի քանակակազմ, եւ երկրորդ, ՆԱՏՕ-ն միակ կազմակերպությունն է, որտեղ, ցավոք, առկա է Ադրբեջանի տարածքային անքակտելիության մասին հակահայկական եւ հակաղարաբաղյան բանաձեւ: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց ՌԴ-ում Ժողովրդավարության և համագործակցության նյույորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանը։


Միհրանյանի խոսքով՝ Հայաստանը շատ լավ հասկանում է, որ Ուելսում կարող են հակառուսական բանաձեւեր ընդունվել: «Սակայն Հայաստանը մշտապես եւ միանշանակ միջազգային բոլոր ատյաններում աջակցում է Ռուսաստանի դիրքորոշումներին», - ընդգծել է Միհրանյանը: 6 տարվա ընթացքում Հայաստանը պայքարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ՆԱՏՕ-ի հակաղարաբաղյան բանաձեւը փոփոխվի: «Հայկական կողմը կարծում է, որ այս տարի դա նրան կհաջողվի, քանի որ, իմ կարծիքով, եթե բանաձեւը փոփոխության չենթարկվեր, ապա Հայաստանը չէր մասնակցի գագթնաժողովին կամ կմասնակցեր ավելի ցածր մակարդակով», - կարծիք հայտնեց քաղաքագետը:


Միաժամանակ, Միհրանյանը հավելեց, որ ռուսական խնդիրը քննարկվելու է ՆԱՏՕ-ի անդամ-երկրների միջեւ, իսկ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ:


Նշենք, որ սեպտեմբերի 4-5-ին Ուելսում կկայանա Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը: Օրակարգային հարցերն են՝ Իրաքի եւ Աֆղանստանի իրավիճակը, Ուկրաինայի ճգնաժամը:

Նույն շարքից