Գերմանիան սկսել է Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարող քրդերին ռազմական պարագաների մատակարարումը:
Լեյպցիգի օդանավակայանից գիշերը ռազմական պարագաներով առաջին օդանավն է ճանապարհ ընկել: Այն Իրաքի Քրդստանի ինքնավար մարզ կհասցնի 4000 սաղավարտ եւ զրահաբաճկոն, մոտ 700 շարժական ռադիոկայան, գիշերային տեսողության 680 սարք, ինչպես նաեւ ականորսիչներ եւ ականազերծող այլ տեխնիկա, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով AFP-ն:
Ուղարկված բեռը զենք չի ներառում, որի մատակարարման վերաբերյալ Գերմանիայի կառավարությունում համաձայնություն էր ձեռք բերվել օգոստոսի 31-ին: Առաջին խմբաքանակն Իրաք կուղարկվի սեպտեմբերի մեջ: Քրդերը, մասնավորապես, կստանան ձեռքի հակատանկային նռնակներ, հրաձգային զենք եւ մարտական պարագաներ: