Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով ԱԻՆ աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է, որը դուք կրում եք արժանապատվորեն եւ բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով անձնական զոհողության գնով պաշտպանել մեր բնակչությանը արտակարգ իրավիճակներում: Նախարարության բազմաբովանդակ գործունեությունը թույլ է տալիս վստահորեն ասել, որ արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է: Դա հնարավոր դարձավ ձեր կողմից նոր գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերման, ինչպես նաեւ ժամանակակից մեթոդների ներդրման եւ կիրառման շնորհիվ:
Հպարտությամբ եմ նշում, որ մեր փրկարարների անձնվեր աշխատանքն այսօր չի սահմանափակվում միայն Հայաստանի տարածքով: Աղետների հետեւանքների վերացմանն ուղղված ձեր գործունեությունը բարձր գնահատանքի է արժանացել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: Շնորհիվ այդ ամենի բարձրացել է նաեւ Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում»:
Վարչապետի խոսքով՝ մինչեւ կատարյալ ծառայություն իրականացնելը դեռ ճանապարհ կա անցնելու, հատկապես գիտական կարողությունների բարձրացման, աղետների կառավարման եւ բնակչության ազդարարման համակարգի արդիականացման առումով: Սակայն, Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ նախարարության կողմից իրականացվող շարունակական քայլերը մոտ ապագայում կտան դրական արդյունքներ:
«Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ եւս ուշադրության կենտրոնում է պահելու ոլորտի հետագա զարգացման եւ կատարելագործման խնդիրները՝ հետեւողական քայլեր իրականացնելով արտակարգ իրավիճակների աշխատողների սոցիալական պաշտպանվածության եւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ»,- ընդգծել է վարչապետ Աբրահամյանը եւ ԱԻՆ աշխատակիցներին մաղթել երջանկություն, բարեկեցություն ու անվտանգ ծառայություն:
Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար եւ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանին, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանին: ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանը եւ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: