Հայաստան Քաղաքականություն 

Եթե մենք մարզպետ ենք, պետք է դադարենք լինել մա՞րդ. Կոտայքի մարզպետը չի հերքում, որ եղել է Գուլյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ

analitik.am

Ես մարզպետի կարգավիճակում որևէ գործողություն չեմ ձեռնարկել: Մինչ մարզպետի կարգավիճակը ստանձնելը ես հանդիսացել եմ Աբովյանի քաղաքացի, ընտրող, ինչպես նաև ընտրությունների օրը ես հանդիսացել եմ քաղաքական կուսակցության հիմնադիր անդամ, գործող վարչության անդամ, իսկ վերջին մի քանի տարիներին ընդդիմադիր գործունեություն եմ ծավալել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ չէր կարող բաց թողնել Աբովյանի քաղաքապետի ընտրությունները, դրա համար արձակուրդի մեջ գտնվելու ռեժիմում գործել է ինչպես Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ:

Հիշեցնենք, որ ընտրությունների օրը Պետրոսյանը բարձրաձայնել էր խախտման մասին, ինչից հետո քննադատություններ հնչեցին և նշվեց, որ նա որպես մարզպետ իրավունք չուներ անել այն, ինչ արել է:

Դիտարկմանը, որ իրեն ընկալում են որպես մարզպետի, Պետրոսյանը նշել է. «Այսինքն, եթե մենք մեր կարգավիճակով մարզպետ ենք, պետք է դադարենք լինել արժանապատիվ քաղաքացի, մարդ, հայր, որդի, եղբա՞յր: Ընտրական պրոցեսում ես որևէ գործիքակազմ չեմ կիրառել որպես մարզպետ: Դա պաշտոնապես եմ ասում»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ Գուլյանի շտաբերից մեկի պետի ավտոմեքենայի և տան հետ կապված միջադեպը սարքած է, Պետրոսյանն ասել է՝ եթե Ծառուկյանը գիտի ինչ-որ բան, պետք է դիմի իրավապահներին հարցը քննության առարկա դարձնելու համար, իսկ եթե ուղղակի հայտարարություններ են, խնդրելու է դադարեցնել դրանք:

 

Նույն շարքից