Մենք պայմանավորվել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի խոչընդոտներ չլինեն, ու ներդրումը լինի: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ խոսելով մարզում կոկորդիլոսաբուծության մասին:
Թե ինչ ընթացք կունենա գործընթացը, մարզպետն ասաց, որ պետք է դիմել ներդրողին, ով աղմուկից հետո չի փոշմանել:
Գարիկ Սարգսյանի խոսքերով, գործընթացը ձգձգվում է, քանի որ ընթացակարգ գոյություն ունի: Նա չի հավատում, որ ինչ-որ մեկն աչքով է տվել:
Սարգսյանը նշեց, որ բոլորին ներդրումը հայտնի է, որպես կոկորդիլոսաբուծարան, իսկ իրականում լինելու է էկոայգի, այնտեղ լինելու է ալիքային լողավազան, հեծանվային հրապարակ, սննդի կետեր, խաղահրապարակ և այլն:
Ինչ վերաբերում է ՊԵԿ-ի հետ կապված խնդիրներին՝ կապված կոկորդիլոսի ձվերի ներմուծման հետ, մարզպետն ասաց, որ դրա համար մաքսային կոդ չի եղել, մաքսային կոդ կա միայն թռչնի ձվի մասով: Կոկորդիլոսի ձուն ներմուծվում է թռչնի ձվի մաքսային կոդով, սակայն այն կոկորդիլոսի ձու է:
Սարգսյանը խոսեց նաև կոկորդիլոսների վերաբերյալ իր ստատուսների մասին՝ հայտարարելով, թե ինքը գրել է, որ կոկորդիլոսն իր օրգան համակարգերով մոտ է թռչուններին, չունի ստամոքս, ունի քարաճիկ, ինչ-որ ժամանակ նրանք թռչել են: