Սահմանադրական բարեփոխումների շուրջ անհրաժեշտ են հնարավորինս լայն համաձայնություններ: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր՝ սեպտեմբերի 6-ին ՀՀԿ խորհրդի նիստում:
«Դուք գիտեք, որ մասնագիտական հանձնաժողովը լայն հանրային քննարկումներ է ծավալել հանրության եւ մասնագիտական շրջանակների հետ, հուլիս ամսին հանձնաժողովի անդամներն այցելել են հանրապետության բոլոր մարզեր եւ ներկայացրել բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնադրույթները:
Ըստ Սարգսյանի, մեր անկախ պետականության տարիների ընթացքում առաջին անգամ սահմանադրական բարեփոխումների գործընթացը դրված է բաց ու հրապարակային հիմքի վրա, երբ հանրային քննարկման է դրվում ոչ թե արդեն պատրաստի նախագիծ, այլ բոլոր այն հիմնական գաղափարները, որոնք պետք է հիմք հանդիսանան սահմանադրական բարեփոխումների բուն տեքստի մշակման համար: «Հանրային քննարկումների արդյունքները հաշվի առնելով՝ հանձնաժողովը շուտով ավարտելու է հայեցակարգի վրա աշխատանքը եւ մինչեւ հոկտեմբերի 15-ը ներկայացնելու է իմ հաստատմանը: Արդեն իսկ պարզ է, որ հայեցակարգի ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, ինչն իմ համոզմամբ, կենսական անհրաժեշտություն է մեր երկրի՝ իրավական պետականության եւ ժողովրդավարության ճանապարհով հետագա զարգացման համար: Ուստի, մենք՝ որպես կառավարող կուսակցություն, պետք է առաջին հերթին լայն քննարկումներ ծավալենք մեր շարքերում, որից հետո ձեռնամուխ լինենք ակտիվ քաղաքական աշխատանքի՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացն առաջ տանելու համար»,- նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով, հայեցակարգի ներկայացումից հետո պետք է սկսվեն քաղաքական լայն կոնսուլտացիաներ ինչպես խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անհրաժեշտ փոխհամաձայնություններ ձեռք բերելու ուղղությամբ: «Մենք հստակ գիտակցում ենք, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ անհրաժեշտ են հնարավորինս լայն համաձայնություններ, քանի որ արդյունավետ Սահմանադրությունը միայն հասարակական համաձայնության արդյունք կարող է լինել: Մենք պատրաստ ենք անկաշկանդ քննարկել ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների հուսալի պաշտպանությանը, կառավարման արդյունավետ համակարգին, դատարանների անկախությանն ու անաչառությանը: Եվ բոլոր այն, այսպես կոչված, փաստարկները, թեեւ, ճիշտն ասած, ես փաստարկ չեմ տեսնում, որ բերում են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները, ինձ համար անհասկանալի են: Եթե որեւէ մեկը ձեզնից լսել է որեւէ փաստարկ, ես կցանկանայի, որպեսզի դուք հնչեցնեիք այս դահլիճում: Միայն մի բան են ասում՝ հիմա ժամանակը չէ: Իսկ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ժամանակը չէ: Եվ ընդհանրապես, լուրջ բանավեճի ժամանակ արդյո՞ք այդպիսի ձեւակերպումը կարող է լինել փաստարկ: Դա փաստարկ չէ: Կուզենայի, որպեսզի փաստարկներ բերեին, իսկ թե՝ հիմա ժամանակը չէ, հիմա ուրիշ է, առաջ ուրիշ էր, դրանք ուղղակի քննարկումից խուսափելու ձեւեր են եւ պատրվակներ»,- ասել է նախագահը:
«Ես վստահ եմ, որ մենք հոկտեմբերին ունենալու ենք փաստաթուղթ, եւ այն ժամանակ, իհարկե, խորհրդում կքննարկենք: Շատ ցանկալի է, որպեսզի մեր խորհրդի իրավաբանական դասն, անպայման, ակտիվ մասնակցություն ունենա մեր կուսակցական շարքերում այս փաստաթուղթը քննարկելու ժամանակ: Ես հույս ունեմ, որ դուք այսօր բավականաչափ ակտիվ կլինեք եւ գաղափարներ կտաք իմ հնչեցրած հարցերի շուրջ»-ասել է Սերժ Սարգսյանը: