Հայաստան 

Նյուպորտում ընդունված հռչակագիրը մեզ համար ամբողջությամբ ընդունելի է. Շարմազանով

Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հայաստանի նախագահի մասնակցությունը, ինչպես նաեւ Նյուպորտում Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄն պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ կայացած եռակողմ հանդիպումը այսօրվա ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստում դրական է գնահատվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ,  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այցի արդյունավետությունը գնահատվել է մի քանի տեսանկյունից։


Ըստ Շարմազանովի, նախ շատ կարեւոր էր այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի բարձր ամբիոնից Ադրբեջանի ղեկավարին անվանեց բռնապետ, իսկ Թուրքիային՝ Ադրբեջանի շահերի պաշտպան։


«Ինչպես գիտեք, Թուրքիան ցանկանում էր ձեւափոխել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը։ Քերի-Ալիեւ-Սարգսյան հանդիպումը արձանագրեց մի շարք կարեւոր փաստեր. խաղաղ կարգավորումը միակ ճանապարհն է, ցանկացած ռազմական լուծում անթույլատրելի է։ Սա ուղիղ մեսիջ էր թե բռնատիրական Ադրբեջանին, եւ թե նրա հովանավոր Թուրքիային։ Երկրորդը՝ արձանագրվեց, որ Մինսկի խմբի ձեւաչափը փոփոխման ենթակա չէ, եւ իրավիճակի ցանկացած սրում անթույլատրելի է»,- ասաց Շարմազանովը։


Նրա խոսքով՝ կարեւոր է այն, որ ադրբեջանաթուրքական գործարքը՝ փոխել Մինսկի ձևաչափը, ճնշում գործադրել խաղաղ բանացությունների վրա՝ շարունակելով ռազմատենչ հռետորաբանությունը, չիրականացավ։


«Իհարկե, ես այն կարծիքին չեմ, որ Նյուպորտում ընդունված հռչակագիրը մեզ համար ամբողջությամբ  ընդունելի է, քանի որ այնտեղ կան կետեր, որոնք չեն բխում մեր շահերից և իրականության հետ կապ չունեն, սակայն եթե այն համեմատենք նախորդ տարվա հռչակագրի հետ, կտեսնենք, որ այս հռչակագրում բացակայում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» տերմինը, հղում է կատարվում ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, ինչպես նաև հռչակագրում ևս նշվում է խնդրի խաղաղ կարգավորման եւ ձեւաչափի պահպանման անհրաժեշտության մասին»,- ասաց Շարմազանովը։

Նույն շարքից