Հասարակություն 

Ինչպես նախկինում էին ասում, այնպես էլ հիմա, պետական կառույցը ոչինչ չի անում. Սիլվա Ադամյանը՝ վայրի թռչուններ վաճառողների մասին

analitik.am

Հայաստանում հնարավոր է գնել արծիվ, սկյուռ, աղվես, բու, կեռնեխ: List.am հայտարարությունների կայքում ժամանակ առ ժամանակ հանդիպում են նման հայտարարություններ:

«List.am կայքը պետք է բլոկ անի նման հայտարարությունները և ընդհանրապես օրենսդրորեն պետք է բնության մեջ ապրող թռչունների, կենդանիների առք ու վաճառքն արգելվի»,- Analitik.am-ին ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը:

Նա նաև նշեց, որ ինքն անձամբ է շփվել թռչուններ առաջարկող մի քանի անձանց հետ և հիմնականում զանգահարելիս պատասխանում են, որ բաց են թողել, կամ հանդիպել են վաճառողն ասել է՝ չկա, կամ դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և գործ են բացել հենց իր անունով, ոչ թե ՀԿ-ի:

Սիլվա Ադամյանը վստահ է, որ թռչունների շուկաներում և ընդհանրապես հայտարարությունների կայքերը պետք է չվերցնեն նման հայտարարությունները, իսկ List.am-ը ազատ վերցնում է:

«Հատ-հատ տուգանելով թռչուններ և կենդանիներ վաճառողներին՝ խնդիրը չի լուծվի, պետք է ոչ թե 5000 դրամ տուգանեն, այլ քրեական գործ հարուցեն, անգամ բանտարկեն: Եթե մեկ-երկու հոգի նստեն, մյուսները կխելոքանան»,- ասաց նա՝ հավելելով, որ եղել են դեպքեր, երբ տուգանելուց հետո դարձյալ նույն անձը զբաղվել է նույն գործով:

Ինչ վերաբերում է բնապահպանության և տեսչական մարմին, ապա «Թռչնասերների կենտրոն»-ի նախագահը նշեց, որ կազմակերպությունը ոչ մեծ ռեսուրսներ ունի և ֆիզիկապես չեն կարող հատ-հատ բռնել բոլոր վաճառողներին, պետք է թռչունների ցուցակ լինի, թե որոնք են դեկորատիվ թռչունները և որ թռչուններին օրենքով արգելված է որսալը և վաճառելը:

«Մենք խնդիրը բարձրացնում ենք, կառավարությունից ասում են՝ օրենքը գրեք, տվեք, մենք խնդիրն ենք բարձրանցում. ինչպես նախկինում էին ասում՝ օրենքը գրեք տվեք, այնպես էլ հիմա և ոչինչ չեն անում»,- ասաց նա:

Բնապահպանության և ընդերքի տեսչությունից Analitik.am-ի ահազանգից հետո պատասխանեցին, որ լրագրողը պետք է տրամադրի իր հասցեն և հեռախոսահամարը` «ահազանգին համապատասխան ընթացք և հետադարձ կապ ապահովելու համար»:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից