Հայաստան 

Մենք գործ ունեք մի երկրի ղեկավարի հետ, որ ցանկացած ձեւ օգտագործում է, այդ թվում՝ սուտն ու կեղծիքը. Սերժ Սարգսյան

Հայաստանը գործ ունի մի երկրի հետ եւ երկրի մի ղեկավարի, որ ցանկացած ձեւ, ցանկացած հնարավորություն օգտագործում են, այդ թվում՝ նաեւ սուտն ու կեղծիքը: Եվ իրենք ոչ մի բանից չեն ամաչում: Ադրբեջանի մասին ասել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր՝ սեպտեմբերի 6-ին ՀՀԿ խորհրդի նիստում:


Խոսելով արտաքին քաղաքական զարգացումների մասին՝ նախագահը նշել է, թե « պետք է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն մեր գործընկերներին, մեր բարեկամներին, նաեւ նրանց, ովքեր այդքան էլ լավ չեն տրամադրված մեր նկատմամբ, հասցնելու ճշմարտությունը, հասցնելու մեր տեսակետը»: «Աշխարհն արագ է փոխվում, մեր հակառակորդների հնարավորությունները մեծանում են, նրանց աշխատանքն էլ է ակտիվանում, եւ այս պարագայում, մենք իրավունք չունենք պասիվ լինելու: Գիտեք՝ մենք գործ ունեք մի երկրի հետ եւ երկրի մի ղեկավարի, որ ցանկացած ձեւ, ցանկացած հնարավորություն օգտագործում են, այդ թվում՝ նաեւ սուտն ու կեղծիքը: Եվ իրենք ոչ մի բանից չեն ամաչում: Ամեն օր մարդկանց բանտ են նստեցնում կամ սպանում ու հետո ասում, որ իրենց հասարակությունը զարգանում է: Ես վստահ եմ, որ Ադրբեջանի եւ՛ հատուկ ծառայությունները, եւ՛ ղեկավարությունը վստահ են, որ այդ լրագրողները չեն կարող լինել Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ: Ակնհայտ է չէ՞ բոլորիս: Բայց նրանք առանց ամաչելու այդպիսի պիտակներ են կպցնում, այսինքն՝ օգտագործելով հակամարտությունը, փորձում են իրենց երկրում հաստատել իրենց կարգերը»,- ասել է Սարգսյանը:


«Մենք դրա հետ որեւէ խնդիր չունենք, ինչպիսի կարգեր ուզում են, թող հաստատեն, բայց մենք շատ հետաքրքրված ենք, որպեսզի նրանց սուտն ու կեղծիքը երկար կյանք չունենան: Իրականության մեջ սուտն ու կեղծիքը երկար կյանք չեն ունենում, բայց լավ կլինի, որպեսզի ընդհանրապես որեւէ կյանք չունենան: Բոլորդ վստահ եք, թե ինչ տեղի ունեցավ հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբներին: Իմ խնդրանքով մեր մամուլն էլ հրապարակեց այն հերոս տղաների անուններն ու նկարները, ովքեր զոհվեցին: Բոլորդ էլ գիտեք, թե ինչքան ադրբեջանցիներ զոհվեցին, բայց այդ մարդիկ ոչ միայն իրենց երկրում, այլ նաեւ աշխարհով մեկ հայտարարում են, որ իրենք լավ դաս տվեցին հայերին: Դե, եթե լավ դաս տալը այդպես պետք է լինի, ապա մենք պետք է, անպայման, դա հաշվի առնենք: Ստի, կեղծիքի, այսպես ասած, փայլուն օրինակը հետեւյալն է՝ ձեզնից շատերը, թերեւս, գիտեն, որ Ադրբեջանի նախագահը, երեւի վիրավորվելով այն հանգամանքից, որ ես համեմատել եմ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մեր եւ տարածաշրջանի դպրոցականների արդյունքները, մի այսպես չար սուտ ասաց, ասաց, որ շախմատում ադրբեջանցիները վաղուց անցել են հայերին իրենց հաջողություններում: Ամբողջ աշխարհը գիտի, որ մենք եռակի օլիմպիական չեմպիոններ ենք, որ մենք աշխարհի չեմպիոն ենք, իսկ իրենք ընդամենը կարողացել են դառնալ Եվրոպայի չեմպիոն, եւ եթե սա առաջընթաց է, ապա նույն կերպ մենք պետք է հասկանանք Ադրբեջանի հզորության մասին հեքիաթներն ու Հայաստանում մարդ չմնալու մասին հեքիաթները: Բայց քիչ է, գիտեք, երբ մենք նրանց ասածների վրա ծիծաղում ենք կամ հեգնում: Մենք պետք է կարողանանք մեր իրականությունը հասցնել շատ-շատերին: Առավել եւս, երբ Ադրբեջանը հիմա փորձում է այլ հարթակներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը»,- նշել է Սարգսյանը:


Արդարության դեմ չմեղանչելու համար նա ասել է, թե ինչ-որ կերպ դա նրանց հաջողվում է, բայց այդ ինչ-որ կերպը շատ-շատ փոքրիկ մի հաջողություն է եւ այդ հաջողությունն այսօր չէ, որ նրանք գրանցում են: «Ես նկատի ունեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարությունը, որ արդեն տեւական, շատ տեւական ժամանակաշրջանում է իրականացվում, եւ այս հատվածում որոշակի բան փոխվել է, բայց այդ փոխվածը մեզ չի բավարարում: Երկրորդ՝ նկատի ունեմ ԵԽԽՎ-ի հարթակը: Հիշում եք, որ վերջին, այսպես, ոչ բարենպաստ ձեւակերպումը, վերջին ոչ բարենպաստ բանաձեւը 2005թ-ին է եղել: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում ունեցած մեր հաջողությունները տարածենք բոլոր հարթակներում, իսկ այստեղ ես ձեզ անկեղծորեն եմ ասում, մենք բավականաչափ առաջընթաց եւ հաջողություն ունենք»,- նշել է Սարգսյանը:

Նույն շարքից