Քաղաքականություն 

«Գուցե քրեաօլիգարխիայի ներկայացուցիչ պատգամավորը ցանկանում է Աբովյանում հարցերը լուծել միայն գողականո՞վ»

analitik.am

Հաղթող թեկնածուն և նրա հովանավոր ԲՀԿ-ն այդ հաղթանակին հասնելու համար բազմաթիվ փորձեր են կատարել կիրառելու հին գործիքակազմեր: Քրեաօլիգարխիկ գործիքազմերի կիրառում են թույլ տվել, որոնցից մեկն էլ մեր հանձնաժողովականի կողմից բարձրաձայնածի արդյունքում իմ կողմից վեր հանած հարցն է, որով հիմա իրավապահները զբաղվում են: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարեց Կոտայքի մարպեզ Ռոմանոս Պետրոսյանը:

Հարցին, թե ունի արդյո՞ք ինքը փաստեր քրեաօլիգարխիկի հետ կապված, մարզպետը դրական պատասխան տվեց. «Քաղաքապետի թեկնածուն և նրա շտաբը կառավարվում էին Մուլտի Գրուպ կոնցեռնի և Գագիկ Ծառուկյանի անմիջական մերձավոր շրջապատի գործիչների կողմից: Գագիկ Ծառուկյանի ամբողջ թիկնազորը տեղամասերում էր, և դրանց շրջակայքում»:

Մարզպետի խոսքերով, Աբովյանի ավագանու գերակշիռ մասը նույնիսկ ենթաշտաբերի պետեր են եղել:

Պետրոսյանը խոսեց նաև ցուցակի մասին, որը հայտնաբերվել էր ընտրությունների ժամանակ՝ նշելով, որ այն գտնվել է Գագիկ Ծառուկյան հիմնադրամի ուսանողական խորհրդի երկար տարիների ղեկավար հանդիսացած, ԲՀԿ կառույցի հայտնի ներկայացուցիչներից մեկի մոտ, ով նաև այդ թաղամասի շտաբի պետն է եղել:

Հարցին, թե այդ ամեն ի՞նչն է քրեաօլիգարխիկ, կամ քրեական, մարզպետը նշեց, որ քրեաօլիգարխիկ է այն, որ ԱԺ պատգամավորն ասում է՝ քաղաքը չեն ուզում դարձնել «գործ տվողների» քաղաքը. «Ի՞նչ ասել է «գործ տվող»: Մի՞թե գործ տվող է այն քաղաքացին, ով ահազանգում է իրավապահներին իր անվտանգությունն ապահովելու համար, կամ այն մարզպետը, ով հնարավոր իրավախախտումները, առերևույթ հանցագործությունները բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատժելու համար ներգրավվում է իրավապահ մարմինների՞ն: Գուցե քրեաօլիգարխիայի ներկայացուցիչ պատգամավորը ցանկանում է Աբովյանում հարցերը լուծել միայն գողականո՞վ»:

Պետրոսյանը հայտնեց, որ այդ մասին խոսելու է ԱԺ նախագահի հետ՝ նպատակ ունենալով հասնել նրան, որ էթիկայի հանձնաժողովը քննի այդ հայտարարությունը, պատգամավորը բացատրություն տա հանրությանը:

Նույն շարքից