Հասարակություն 

Օրական 3-4 անգամ մարդկանց դիտողություն եմ անում մեքենայից աղբ գցելու համար․ Մարության

analitik.am

Իմ պաշտոնավարման առաջին օրվանից փորձել եմ «Սանիթեք» ընկերության հետ գալ մի այնպիսի իրավիճակի, որպեսզի իրենք կարողանան կատարել և պատշաճ որակով տալ իրենց ծառայությունը։ Շաբաթական մեկ անգամ, մեծ շրջանակով հանդիպումների շարան է եղել, որին անձամբ ես էի մասնակցում, որպեսզի հասկանայի ինչ խնդիրներ ունենք այդտեղ, և ինչով կարող է քաղաքապետարանն աջակցել «Սանիթեք» ընկերությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ իրենց կողմից արվել է ամեն ինչ, սակայն «Սանիթեք» ընկերությունն ունակ չի աշխատելու․ ««Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարող, այսինքն այդ ունակությունը չունի սպասարկելու Երևան քաղաքը, և դա տեսնում ենք մենք բոլորս միասին։ Իրենց աշխատուժի քանակը, տեխնիկական վիճակը գրեթե հասել է զրոյի»։

Մարությանի խոոսքերով իրենք փորձել են օգնել, սակայն ընկերությունը նոր գումարներ չի ներդնում․ «Մենք պայմանավորվածություն ունենք աղբամանների հետ կապված և ըստ պայմանագրի Երևան քաղաքում պետք է լինի 8000 աղբաման, այսօր այդ 8000-ից առկա են մոտ 5000-ը, և այդ 5000 աղբամանի վիճակը շատ վատ է»։

Քաղաքապետն անդրադարձավ նաև վերջերս համացանցում տարածված հայտնի տեսանյութի վարորդին աշխատանքից ազատելուն՝ նշելով, որ վերջինիս աշխատանքից ազատել կամ չազատելը որոշում է մասնավորը, որովհետև դա մասնավոր գիծ է․ «Այդ ընկերությունն է որոշում կայացնում, մենք մեր կողմից կարող ենք միայն տուգանել այդ վարորդին, և պահանջներ դնել, որը դրվում է բոլոր վարորդների նկատմամբ»։

Մարությանը հայտարարեց, որ այսօր Երևանի փողոցներում շատ տարբեր տիպի խախտումներ կան․ «Այո, ճանապարհատրանսպորտային ոլորտում բավականին մեծ խնդիրներ ունենք, մի տեղ վարորդը ծխում է, մյուս տեղը աղբ է թափում։ Քանի որ ես եմ վարում իմ մեքենան, ես օրեկան երեքից չորս անգամ, առանց չափազանցնելու կանգնում եմ և մարդկանց դիտողություն եմ անում։ Մեքենայից շիշ են նետում, պատկերացնո՞ւմ եք տոպրակով աղբն ուղղակի գցում են փողոցի վրա։ Նույն պատմությունն է նաև այստեղ, թե վարորդը, որը տրանսպորտում է, և թե մասնավոր մեքենա վարող վարորդը, իրենք բոլորը խախտում են կանոնները»։

Քաղաքապետի կարծիքով այստեղ երկու ճանապարհ կա, առաջինը պետությունը պետք է պահի կարգ ու կանոնը՝ տուգանքների միջոցով, որն արվում է, բայց դա մինչև վերջ չի աշխատելու, որովհետև այն մարդկանց գիտակցության մասին է խոսում․ «Մեկ միլիոն մարդու ոչ մի գերատեսչություն չի կարող միաժամանակ հետևել, տեսնել, թե ով ինչ խախտում է անում։ Մենք ինքներս պետք է փոխվենք»։

Նույն շարքից