Հասարակություն 

Ջրաշեն համայնքում մարդ կա 100 տոկոս կորուստ ունի. համայնքապետ

analitik.am

Նախօրեին ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարությունից հաղորդեցին, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում հորդառատ անձրև է տեղացել. ջրալցվել են 1-ին փողոցի մի քանի տան նկուղներ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Այնուհետև մամուլում տեղեկություն հայտնվեց, որ սելավաջրերը լցվել են համայնքի բնակիչների նկուղները, ողողվել են ճանապարհները. նկուղներում ջրի բարձրությունը մեկ մետրից ավելին է եղել:

«Համայքնի բյուջեի հաշվին գյուղի ճանապարհները կմաքրենք, մոտ 1 մլն դրամի ծախս է, որ տրակտորով գան ճանապարհները տիղմից, ցեխից մաքրեն»,- Analitik.am-ի հետ զրույցում ասաց Ջրաշենի համայնքապետ Վահան Ուռուսյանը:

Նա նաև նշեց, որ ջուրը լցվել է տների նկուղները, մարդկանց ցորենը, ալյուրը փչացել է, այժմ վնասի չափերն են հաշվարկվում և կազմվում են տուժածների ցուցակները:

«Լոռու մարզպետարանից ասել են ցուցակները ուղարկենք, հիմա էլ մարզպետարանի ներկայացուցիչները գյուղում են»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ գյուղի բյուջեն հնարավորություն չունի մարդկանց ամբողջովին փոխհատուցելու, սակայն կփորձեն որոշ մասը փոխհատուցել, հատկապես այն բնակիչների, ովքեր 100 տոկոս կորուստ են ունեցել: Ըստ նրա, խոշոր եղջերավորների կորուստ չեն ունեցել, միայն շուրջ 20-30 հավ է սատկել՝ գյուղում ջրի աղետի հետևանքով:

«Գյուղի 50-60 տոկոսն է վնասվել, կան մարդիկ, ովքեր վնասներ չունեն»,- ասաց Վահան Ուռուսյանը, նաև նշեց, որ ջուրը ողողել է  դպրոցի բակը, ժամանակին դպրոցի տնօրենը և ուսուցիչները կարողացել են կանխել ջրի մուտքը դպրոց, վնասվել է միայն դպրոցի բակը: Համայնքապետը հիշեց, որ 1997թ-ին համայնքում ջրի հեղեղումներից «էլ բեթար» վիճակ էր, և Ջրաշենի նախօրեի հեղեղումը 1997թ-ի հեղեղմանը չէր հասնի:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից