ԱՄՆ-ն Ռուսաստանից պահանջում է զորքերն ամբողջությամբ հեռացնել Վրաստանի սահմանից: Այս մասին Թբիլիսիի մամուլի ասուլիսում նշվել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի խոսքում, որը հրապարակել է Պենտագոնը:
«ԱՄՆ-ն շարունակում է Ռուսաստանին կոչ անել զորքերն ամբողջությամբ հեռացնել Վրաստանի սահմանից, եւ մենք ողջունում ենք Վրաստանի զսպվածությունը, որը վերջինս ցուցաբերում է այս հարցում: Ռուսաստանի գործողություններն այստեղ եւ Ուկրաինայում տեւական խնդիր են հանդիսանում, որին ԱՄՆ-ն եւ մեր դաշնակիցները շատ լուրջ են վերաբերվում», - ասվում է հաղորդագրությունում:
Հեյգելը նաեւ հավելել է, որ «ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի միջեւ կապերի ամրապնդումը շատ կարեւոր է` հաշվի առնելով նախագահ Պուտինի վտանգավոր եւ անպատասխանատու գործողությունները»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնը եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունը քննարկում են Վրաստանի կողմից ամերիկյան ռազմական ուղղաթիռներ ձեռք բերելու հարցը: