Բարի օր Հասարակություն 

«Դա Նիկոլ Փաշինյանի գրպանում եղած ջոկերներից է, որը հնարավոր զարգացումների պարագայում կարող է խաղարկել նաև Սերժ Սարգսյանի դեմ»

analitik.am

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովը միայն վնաս է տալու երկրի բանակին, կաթվածահար է անելու հրամանատարական կազմի հետագա հնարավոր գործողությունները: Այդ հանձնաժողովը, որը պատահական սկզբունքով է ձևավորված, մասնագիտացված չէ: Իսկ հանձնաժողովի գործունեությունը որպես փորձագիտական ներկայացնելու բոլոր փորձերը քննադատությանը չեն դիմանում, որովհետև ԱԺ-ն ինքն իրենով քաղաքական մարմին է, որի քննիչ հանձնաժողովն ի բնե չի կարող լինել փորձագիտական: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքերով, եթե բացահայտելու բաներ կան, այսօրվա իշխանությունն ունի բոլոր լծակները՝ ԱԱԾ, ոստիկանություն և այլն, բացահայտելու դրանք՝ առանց քննիչ հանձնաժողով ստեղծելու. «Քննիչ հանձնաժողով ստեղծելու նպատակն է քաղաքականացնել պրոցեսը: Դա Նիկոլ Փաշինյանի գրպանում եղած ջոկերներից մեկն է, որը հնարավոր զարգացումների պարագայում կարող է խաղարկել նաև Սերժ Սարգսյանի դեմ»:

«Ակնհայտ է, որ այս հանձնաժողովը ստեղծելու ամենամեծ քաղաքական հարվածը կրել է Հայաստան պետությունը, որովհետև հաղթած պատերազմից հետո քննիչ հանձնաժողով չեն ստեղծում, իսկ ապրիլյան պատերազմը հաղթած պատերազմ է»,-ասել է Աշոտյանը:

Աշոտյանը խոսել է նաև Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի և Հայաստանից հնարավոր ճնշման մասին՝ հայտարարելով, որ իրենք հարգում են Արցախի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, չնայած որ իրենց սիրտը բաբախում է Արցախով. «Մինչև Արցախի իշխանությունները չասեն, որ կա միջամտություն, ես ինձ նման իրավունք չեմ վերապահելու»:

Նույն շարքից