Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը հարթակ է, որտեղ չորս քաղաքական ուժեր համաձայնում են միասին ինչ-որ քայլ կատարել, եթե չեն համաձայնում, ուրեմն առաջ են տանում իրենց տեսակետները:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով ՀՅԴ-ն լքի քառյակը: «Քառյակ ենք այնքանով, որ 4 քաղաքական ուժեր ինչ-որ հարցի շուրջ համաձայնության են գալիս, իսկ եթե չեն գալիս համաձայնության, առաջ են տանում իրենց տեսակետները: Ի՞նչ է նշանակում քառյակից դուրս գալ, քառյակ ենք դարձել այդ տրամաբանությամբ: Դա ամուսնության կամ ապահարզանի հարց չէ, երկնքում կնքված ինչ-որ միասնություն չէ, որ անպայման այդպես դիտարկենք: Խնդիրը կոնկրետ քայլերը համաձայնեցնելն է, որն, ըստ մեզ, էլի հնարավոր է»,- ասաց նա:
Ռուստամյանի խոսքով, եթե քառյակի գործընկերները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այլ կարծիք ունեն, կփորձեն իրենց տեսակետները ներկայացնել իրենց գործընկերներին ու հիմնավորել այդ տեսակետները: