Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանում չկա որևէ ընկերություն, որը կապահովագրի աղբամաններ. Հայկ Մարությանն անհնարին պահանջներ է դնում «Սանիտեկ»-ի առջև

analitik.am

Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ նախատեսվում է Երևան բերել 34 աղբատար մեքենա, սակայն հունիսի վերջին գալու է 29 մեքենա, որոնց միջոցով, ըստ Մարությանի, հնարավոր է լինելու իրականացնել աղբահանությունը:

Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է լինելու աղբամանների հարցը, որոնց մասով «Սանիտեկ»-ը հայտարարել էր, որ մոտ 2000 աղբաման վնասվել է իշխանափոխության օրերին, Մարությանը պատասխանեց.  «Ես ասում եմ, որ պետք է 8000 աղբաման լինի, բայց չկա այդ աղբամանները: Իրենց գույքի համար պատասխանատու են իրենք, պայմանագրով պետք է ապահովագրված լինեն այդ աղբամանները, թող ապահովագրեն»:

Analitik.am-ը  պարզեց, որ Հայաստանում չկա որևէ ապահովագրական ընկերություն, որն աղբամաններ կապահովագրի: Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերությունից մեզ ասացին, որ նման տիպի ապահովագրություն չեն անում՝ հաշվի առնելով այն, որ հասարակական օգտագործման իր է, ուստի կարող է վնասվել տարբեր միջոցառումների, ցույցերի և այլ ակցիաների ժամանակ: Գրեթե նույնանման պատասխան տվեցին նաև մնացած բոլոր ապահովագրական ընկերությունները, որոնց հետ մեզ հաջողվեց կապ հաստատել:

Այս պահի դրությամբ Հայաստանում չկա որևէ ապահովագրական ընկերություն, որը կհամաձայնի  ապահովագրել «Սանիտեկ»ընկերության  աղբամանները: Հարց է առաջանում՝ Երևանի քաղաքապետը տեղյա՞կ չէ, որ առաջարկում է մի բան, ինչն անհնար է, թե հատուկ այնպես է անում, որ Սանիտեկն ուղղակի չկարողանա աշխատել և որոշի խզել պայմանագիրը Երևանի քաղաքապետարանի հետ: Տարօրինակն այն է, սակայն, որ ամառվա տապին աղբահանության հարցը լուծելու փոխարեն Հայկ Մարությանը կենտրոնացել է «Սանիտեկ»-ին հնարավորինս ճնշելու և այդ ընկերության առջև  անհնարին պահանջներ դնելու վրա:

 

Նույն շարքից