Հայաստան 

Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջև

«Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումներ և հնարավոր հեռանկար» թեմայով Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ ԱՄՆ փորձագետ, Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վաալը, ով հեղինակն է նաև «Սև այգի. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջև» աշխատության, ասաց, թե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ամեն ինչ փոխվում է, բայց ամեն ինչ մնում է նույնը:

«Այս չլուծված հակամարտությունը մնում է այնպես, ինչպես 20 տարի առաջ էր: Խնդիրն այն է, որ այս տարիների ընթացքում ռեալ քննարկումներ չեն լինում, կողմերն ավելի հաճախ հանդես են գալիս հայրենասիրական հռետորաբանությամբ կամ սահմանափակվում չոր լուրեր հաղորդելով»,-ասաց Թոմաս դե Վաալը: Նա ցավալի համարեց փաստը, որ այսօր մահանում են երիտասարդներ, ովքեր ծնվել են հրադադարի ռեժիմի կնքումից հետո:

Քննարկմանը տեսազանգով միացած IWPR-ի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Շահին Ռզաևն իր հերթին նշեց, թե Հայաստանում մարդիկ մտածում են, որ պատերազմը վերջացել է:

«Իսկ Ադրբեջանում համոզված են, որ պատերազմը դեռ չի ավարտվել, մարդիկ տրամադրված են ավելի մարտական, քանի որ նրանք կարծում են, որ տարածքներ են գտնվում օկուպացիայի մեջ»,-ասաց Շահին Ռզաևը:

Քննարկման մյուս մասնակից՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն էլ իր հերթին ասաց, թե Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջև» գրքի ռուսերեն հրատարակությունը տարբերվում է նախորդներից, քանի որ այստեղ կա ավելի շատ իրատեսություն ու ավելի քիչ լավատեսություն, ինչը համապատասխանում է Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին:

Նույն շարքից