Բարի օր Տնտեսություն 

Դեռևս ոչ տարածք են գնել, ոչ էլ վարձակալել. Կոկորդիլոսաբուծարանի առեղծվածը

analitik.am

«Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը նախատեսում է Արարատի մարզի Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծարան կառուցել, տարածքում պահելու են այլ թռչուններ և կենդանիներ ևս, տարածքը դառնալու է զվարճանքի կենտրոն: Թեման վերածվեց զավեշտի, երբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարեց, որ կոկորդիլոսը թռչուն է: Դաշտավան համայնքի ղեկավար Վարդգես Խանաղյանը Analitik.am-ի հետ զրույցում, անդրադառնալով համայնքի տարածքում կոկորդիլոսաբուծարանի ճակատագրին, ասաց, որ «Արմոն» ընկերության ներկայացուցիչները եկել են գյուղ, նայել են տարածքը և գյուղից բավականին ներքև տարածք են ընտրել, սակայն դեռևս ոչ գնել են, ոչ վարձակալել:

«Կոկորդիլոսաբուծարանն օգտագործելու է Զանգվի ջուրը, որը հոսում է մեր համայնքի կողքով,  ասել են, որ գետի կեղտոտ ջուրը կվերցնեն, կմաքրեն, կֆիլտրեն, կօգտագործեն»,- ասաց համայանքապետը, հիշեցնելով, որ գյուղը ոռոգման ջրի խնդիր ունի:

«Դեռևս նախնական խոսակցություններ են, բայց համայնքում հանրային քննարկում է եղել կոկորդիլոսաբուծարանի հետ կապված, մարդիկ համաձայն են, նախնական ընկերությունից ասել են, որ 200 աշխատատեղ կբացվի, բայց հիմա ասում են մոտ 1000 աշխատատեղ: Գյուղի համար կոկորդիլոսաբուծարանը խնդիրներ չի ստեղծի, գյուղից հեռու է»,- շեշտեց Վարդգես Խանաղյանը: Ըստ նրա, դեռևս որևէ աշխատանք չի կատարվում տարածքում, քանի որ ինչքան իրեն է հայտնի՝ համապատասխան փորձաքննություններն ընթացքի մեջ են և դեռ չեն ավարտվել:

Analitik.am-ը զրուցեց նաև «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք իրատեսական է կոկորդիլոսաբուծարանը բիզնես դարձնելու հեռանկարը: Կիրակոսյանն ասաց, որ  լոկորդիլոս բուծելը տնտեսապես ձեռնտու չէ. «Կոկորդիլոսաբուծարանի մասին տարիներով խոսում էին, հետո պարզվեց, որ ոչ թե բուծարան է լինելու, այլ ժամանցի կենտրոն» :

Ըստ Կիրակոսյանի,  կոկորդիլոս բուծելու թեման պարզապես արհեստական օրակարգ է և հայտարարությունների մի մասը չի համապատախսանում իրականությանը՝ բերելով  օրինակ կոկորդիլոսի ձվի գինը, որ համացանցից կարելի է գնել 20-25 դոլարով, իսկ ներկայացվում է, որ այն արժե 400 դոլար:

«Յուրաքանչյուր կենդանի կարելի է բազմացնել անազատության մեջ և, իհարկե, կոկորդիլոսներին բազմացնում են, սկսած Թայլանդից մինչև, ինչքան էլ զարմանալի որ չհնչի՝ Ռուսաստանում, սակայն Հայաստանի պայմաններում կոկորդիլոս բուծելը շահավետ ծրագիր չի կարող լինել»,- համոզված է Կիրակոսյանը, և հիշեցրեց, որ Երևանի կենդանաբանական այգու մասնագետին՝ Կարեն Մարտիրոսյանին, երբ հեռացրեցին աշխատանքից, մի քանի օր անց այգում Նեղոսյան կոկորդիլոսը սատկեց, քանի որ համապատասխան ջերմային ռեժիմներ են անհրաժեշտ ձմեռային սեզոնից ամռան սեզոնի անցնելու համար, իսկ մասնագետ արդեն Կենդանաբանական այգին չուներ:

«Արարատյան դաշտում ձմռանը ջերմաստիճանը կարող է հասնել մինուս 30 աստիճանի, իսկ ամռանը՝ մինչև պլյուս 50: Արարատյան դաշտավայրի  կլիմայում կոկորդիլոս պահելը կրկնակի ծախսեր կպահանջի, ինչն էլ արդեն իսկ տնտեսապես ձեռնտու չէ։ Եվ կա՞ն համապատասխան մասնագետներ ծրագրի հեղինակների շարքերում, ովքեր կհետևեն ու կխնամեն կոկորդիլոսներին և կդիմանա՞ն արդյոք կոկորդիլոսները Հայաստանի եղանակային նման տատանումներին: Այս ամենը շատ կասկածելի և նման է բլեֆի, որի բուն իմաստն ու պատճառը կարելի է միայն ենթադրել»,- ամփոփեց «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիրը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից