ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նոր լիցք են հաղորդում տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացման համար։
Նախարարներ Նալբանդյանն ու Կուրցը բովանդակալից զրույց են ունեցել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի շուրջ, անդրադարձել են 2014թ. հունիսին ՀՀ Նախագահի` Ավստրիա կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քննարկել են առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները, տարածաշրջանային, միջազգային հարցեր։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Կուրցը նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջան է այցելում իր պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում, քանի որ այն շատ հետաքրքիր և հեռանկարային է։ Նախարար Կուրցն ընդգծել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակության նպատակն է քննարկել և պայմանավորվածություններ ձեռք բերել` Հայաստանի հետ համագործակցության խորացման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց, որ հարկավոր է առավել ջանքեր գործադրել` ամրապնդելու համագործակցությունը երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Նախարար Նալբանդյանը դրական է գնահատել Երևանում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնումը, որի պաշտոնական բացումը` Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների ներկայությամբ, նախատեսվում է իրականացնել այսօր երեկոյան:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է նախարար Կուրցի պատվիրակության կազմում ավստրիացի գործարարների ներկայությունը, որոնք հետաքրքրված են հայ գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ։ Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ` դա կարող է նոր խթան հանդիսանալ` առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման համար։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի հարցերին, այդ ձևաչափով համագործակցությանը։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի արդի փուլը: Երկուստեք ընգծվել է, որ այն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից առաջարկված սկզբունքների և դրույթների հիման վրա:
Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ։
Նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս։