Հայաստան 

Հերմինե Նաղդալյանը` կառավարության հրատապ նախաձեռնությունների ներկայացման պատճառների մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց ընդդիմադիր մի խումբ պատգամավորների այն դիտարկումներին, թե կառավարությունը հրատապ քննարկման է ներկայացնում հարցեր, որոնք ավելի լայն քննարկումների կարիք ունեն: ԱԺ մեկնարկած նիստի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ներկայացնելով խորհրդարանի օրակարգը, մի շարք օրինագծեր ներկայացրեց, որոնք կառավարության քննարկման են ներկայացրել 24-ժամյա ռեժիմով:


Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ սկսեցին դժգոհել, որ չեն հասկանում այդ հարցերը հրատապ քննարկելու իմաստը և անընդունելի են համարում նման գործելաոճը: Ի պատասխան` Հերմինե Նաղդալյանը նշեց, որ անցած նստաշրջանի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները հանդես են եկել նախաձեռնություններով, որոնք համարել են հրատապ և քննարկման են դրել խորհրդարանում, ինչի հետևանքով կառավարության ներկայացրած շատ նախագծեր քննարկելու ժամանակ չի եղել: «Մեր ընդդիմադիր գործընկերները հանդես եկան այս կամ այն հարցով հանձնաժողովներ ստեղծելու հրատապ նախաձեռնություններով, ինչի հետևանքով մենք շատ օրենքների նախագծեր չկարողացանք քննարկել: Դա էր պատճառը, որ կառավարությունը արտահերթ նիստ հրավիրեց և հրատապ քննարկման համար հարցեր ներկայացրեց»,- ընդգծեց Նաղդալյանը:

Նույն շարքից