ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Հորդանանի Հաշեմյան թագավորության նորանշանակ դեսպան Մուհամմադ Նուր Օսման Յուսեֆ Բալքարին (նստավայրը` Տաշքենդ)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպան Բալքարն իր գործունեությամբ կնպաստի հայ-հորդանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հորդանանի դեսպանը վստահեցրել է, որ գործուն քայլեր կձեռնարկի` երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանն ու դեսպան Բալքարը մանրամասն քննարկել են ՀՀ Նախագահի` Հորդանան նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքները, այցի շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերի մշակման գործընթացը։
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բալքարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների` սիրիական ճգնաժամի, Իրաքի հյուսիսում ծայրահեղականների կողմից շարունակվող բռնությունների և իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերի շուրջ։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ մոտեցումները։