Հայաստան 

Հորդանանի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտգործնախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել Հայաստանում Հորդանանի Հաշեմյան թագավորության նորանշանակ դեսպան Մուհամմադ Նուր Օսման Յուսեֆ Բալքարին (նստավայրը` Տաշքենդ)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆեյբուքյան էջը։ 

Շնորհավորելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպան Բալքարն իր գործունեությամբ կնպաստի հայ-հորդանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հորդանանի դեսպանը վստահեցրել է, որ գործուն քայլեր կձեռնարկի` երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանն ու դեսպան Բալքարը մանրամասն քննարկել են ՀՀ Նախագահի` Հորդանան նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքները, այցի շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերի մշակման գործընթացը։ 

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բալքարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների` սիրիական ճգնաժամի, Իրաքի հյուսիսում ծայրահեղականների կողմից շարունակվող բռնությունների և իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերի շուրջ։ 

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ մոտեցումները։ 

Նույն շարքից