Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական C-400 համակարգերի պատմության վերջակետը դրվելու է հուլիսին: Այս մասին Էրդողանը խոսել է NTV-ի հետ զրույցում:
«Ես չեմ ասում, թե Թուրքիան ձեռք է բերելու C-400 համակարգերը: Ես ասում եմ, որ Թուրքիան արդեն գնել է դրանք, սա ավարտված գործ է: Դրանք մատակարարվելու են հաջորդ ամիս»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան չի պատրաստվում որևէ մեկի թույլտվությունը ստանալ երկրի պաշտպանությունն ամրացնելու համար. «Մենք խնդրել էինք ԱՄՆ-ին վաճառել իրենց համակարգերը, սակայն նրանք մերժեցին մեզ»:
Ավելի վաղ ամերիկյան կողմը ոչ մեկ անգամ է զգուշացրել Անկարային, որ ռուսական համակարգերի ձեռք բերումը լի է վտանգներով և հանգեցնելու է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանափակումների կիրառմանը: