Բարի օր Հասարակություն 

Կլուծարվի՞ Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 12 ջոկատը. ի՞նչ է լինելու աշխատակցիների հետ 

analitik.am

 Analitik.am-ի տեղեկություններով, փակվելու է Նաիրիտ ՓԲԸ-ն սպասարկող Արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 12 Հատուկ հրշեջ ջոկատը (ՀՀՋ), որը սպասարկում է միայն Նաիրիտ գործարանի տարածքը: Այս տարվա մայիս ամսին ջոկատի աշխատակիցներին զգուշացվել է, որ հնարավոր է՝  շուտով ջոկատն այլևս չի սպասարկելու Նաիրիտ գործարանին և լուծարվելու է: Հայտնել են նաև, որ որպես նախարարության աշխատակիցներ, հրշեջ-փրկարարները կտեղաբաշխվեն այլ ջոկատներում, սակայն կան աշխատակցիներ, որոնք գտնվում են սահմանային տարիքում կամ ունեն առողջական խնդիրներ, որոնց տեղաբաշխման հարցը խնդրահարույց է:

Ընդհանրապես Նաիրիտ ՓԲԸ-ն ԱԻ նախարարության հետ աշխատում է պայմանագրով, սակայն հայտնի չէ՝ պայմանագիրը թարմացվել է, թե ոչ:

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի պատասխանատու Էդմոն Զարգարյանը Analitik.am-ի հետ զրույցում հերքեց Նաիրիտին սպասարկող ջոկատի լուծարման տեղեկությունը՝ նշելով, որ ջոկատի անդամները փրկարար ծառայության աշխատակցիներ են և եթե նույնիսկ Նաիրիտը չաշխատի, ջոկատի աշխատակցիները կմնան փրկարար ծառայությունում:

«Խմբի աշխատակիցներին ազատման վտանգ չի սպառնում Նաիրիտի պատճառով»,- շեշտեց Է. Զարգարյանը:

Նշենք, որ հունիս ամսի սկզբին Նաիրիտ ՓԲԸ-ի տարածքում խոտածածկ տարածք էր այրվել` մոտ 2000 քմ, որը սպասարկել էր թիվ 12 ՀՀՋ-ն: Թիվ 12 ՀՀՋ-ն նաև Նաիրիտ գործարանի տարածքում իրականացնում է հակահրդեհային կանխարգելիչ գործողություններ:

Հիշեցնենք, որ վերջին խոշոր հրդեհը Նաիրիտ գործարանի տարածքում տեղի է ունեցել երկու տարի առաջ, երբ ըստ պաշտոնական տեղեկատվության, այրվել էր բունկեր, որը լցված էր եղել քիմիական դյուրավառ նյութով, որի ծուխը մի քանի օր չէր կտրվում և թիվ 12 ՀՀՋ-ն մոտ մեկ ամիս իրականացնում էր շուրջօրյա հերթապահություն:

Նույն շարքից