Հայաստան Տնտեսություն 

Սիգի անօրինական որսը օրինականացնելու են. թույլատրվելու է սիգ որսալ

analitik.am

Օրերս Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Սևանի սիգ որսալու համար տրամադրված է պիլոտային ծրագիր՝ շուրջ 150 տոննայի համար, որը կարելի է որսալ: Միաժամանակ շեշտել էր, որ սիգի որոշակի պաշարներ կան, որոնք օրինական դաշտում չեն: Կիսաօրինական կամ անօրինական ձկնորսությամբ զբաղվողները Սևանում սիգը վաճառում են 30-50 դրամով, նույն ձուկը Երևանում վաճառվում է 3000 դրամով:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի ղեկավար Բարդուխ Գաբրիելյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ սիգի արդյունագործական որս կարելի է թույլատրել միայն սիգի պաշարի 1000 տոննայի դեպքում: Ըստ վերջին հաշվարկների, Սևանա լճում սիգի պաշարը 740 տոննա է: Դեռևս 6 տարի առաջ է արգելվել սիգի որսը`լճում ձկան պաշարները համալրելու համար:

«Մենք միշտ մտածում ենք, որ մեր ստամոքսին ձուկ է պետք, որ գյուղացուն ջուր է պետք, բայց Սևանը ճահճանում է, մի քանի տարի հետո ոչ ոք ոչ ձուկ կունենա, ոչ՝ ջուր: Ես կենսաբան չեմ, բայց որքան խելքս հասնում է, հասկանում եմ, որ քանակը պետք է վերահսկվի, չի կարելի շռայլել բնության հնարավորությունները » ,- Analitik.am-ի հետ զրույցում ասաց «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանը՝ անդրադառնալով խնդրին: Նա նաև շեշտեց, որ մարդու շահը չպետք է բնության շահից գերակա լինի. «Ես առհասարակ կողմ չեմ, որ մարդը վայրի բնության մեջ է քիթը մտցնում ու իր հայեցողությամբ կառավարում, բայց երբ խոսում են մարդկային հասարակության խնդիրների մասին՝ միշտ առաջին պլանում մարդու շահերն են դիտարկվում:

«Խնդիրն այն է, որ մարդն՝ իր դերն ամենակարևորելով, խնդիրներ է առաջ բերում, որոնք բնությունը չի կարող արագ վերականգնել, լուծել»,- շեշտեց Կարինե Փանոսյանը:

Որսորդ-լրագրող Էդուարդ Սարիբեկյանն էլ Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ սիգի որսը թույլատրելով հնարավոր է օրինականացնեն սիգի ապօրինի որսը, նաև պահածոյացվող սիգի համար անօրինական որսը․ «Հենց երեկ խանութում էի, սիգի պահածո էին վաճառում և որևէ մեկը չի հարցնում, ինչո՞ւ է սիգի պահածոն հայտնվել խանութներում, երբ որսն արգելված է»,- նշեց նա:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից